զանոնք ընդունիլ ի պաշտպան կանգնիլ լրագրության, որ մեր մեջ ընթերցասիրության չտարածվելուն պատճառովը դժբախտաբար գեշ վիճակի մը մեջ կը գտնվի։
- Մնամք հարգանոք
- խմբագիր-տնօրեն
- …… լրագրո»
- (ստորագրություն)
Աբիսողոմ աղան նամակը ծալլելու վրա էր, տիկինը ներս մտավ․
— Մեծապատիվ էֆենտին սիրով բարևներ կընե եղեր ձեզի,— ըսավ և նամակով մը գիրքեր ներկայացուց Աբիսողոմ աղային, որ նամակը բացավ և սկսավ կարդալ․
«Մեծապատիվ էֆենտի,
Իմ մտքիս ծնունդն եղող քերթվածները հրատարակած ըլլալով՝ արժան դատեցի անոնցմե քառասուն օրինակ ձեզ ղրկել։ Կը հուսամ, որ շնորհ կընեք զանոնք ընդունելու և կերպով մը քաջալերություն տալու ինձ, որպեսզի մյուս քերթվածներս ալ քիչ օրեն հրատարակության տամ։
Խնդրելով, որ ընդունիք իմ խորին մեծարանացս հավաստիքը, մնամ ձերդ մեծապատվության խոնարհ ծառա»։
- (ստորագրություն)
Աբիսողոմ աղան նամակը գոցեց և քովը դրավ։
Տիկինը դարձյալ ներս մտավ։
— Մեծապատիվ էֆենտին բարև՞ ըրած է դարձյալ,— հարցուց Աբիսողոմ աղան։
— Ո՛չ, բեռնակիրներեն մեկը եկած է և կրողչեքը կուզե։
Աբիսողոմ աղան քսան դահեկան հանեց, տվավ։
Տիկինը դուրս ելավ, դուռը գոցեց։
— Ընթերցատան մեկ անկյունը քանի մը հոգի նստած ընտրելի թաղականներու ցուցակը կը պատարաստեին,— ըսավ Մանուկ աղան՝ յուր պատմության թելն ձեռք առնելով։— Անոնք մեր կողմեն չէին և կաշխատեին, որ իրենց ուզած կաշառակեր մարդերը թաղական ընտրեն։
— Տղուն— մեկը եկավ սա գիրքերը ձգեց, գնաց,— ըսավ տիկինը նորեն մտնելով․— մեծապատի՛վ Էֆենտին շատ բարև կընե եղեր և այսօր կամ վաղը պիտի գա եղեր զձեզ տեսնելու։
Տիկինը գրքերը սեղանի մը վրա դրավ։
— Ի՞նչ ընեմ այսչափ գիրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես։ Չեմ ուզեր, ալ ասկից վերջը եթե բերող ըլլա, մի ընդունիր, Աբիսողոմ աղան հոս չէ՝ ըսե և ճանփե։