Դասատուն մանչուկը[1] կը կանչե և կերակուր կապսպրե թե՛ Աբիսողոմ աղային համար և թե՛ իրեն համար։
— Ահա այսպես, Աբիսողոմ աղա, դասատուներուն այս վիճակը լսելով չե՞ս ցավիր։
— Չցավիլն ալ խո՞սք է։
— Կը վայլե՞ ազգի մը այսպես մուրացկանի պես ապրեցնել յուր վարժապետները։
— Չվայլեր։
— Եթե կուզեք, գիրքերս այս գիշեր տունը ձգեմ։
— Հիմակու հիմա թո՛ղ մնա, ուրիշ օր մը խոսինք ասոր վրա։
Մանչուկը կերակուրները կը բերե․ Աբիսողոմ աղան երեսը խաչակնքելով՝ երկու պատառ կընե և կը կլլե իրեն բերված խորոված միսը․ ետքը բարեկամին դառնալով կըսե․
— Կտոր մը միսով մա՞րդ կը կշտանա․ զրուցե՛ սա անպիտանին, որ քիչ շատկեկ բերե։
Մանչուկը կը կանչվի, և բիլավ[2] կապսպրվի։
Այս միջոցին միջահասակ և գիրուկ երիտասարդ մը կը մտնե ճաշարան՝ ի ձեռին ունենալով ծրար մը և ուղղակի Աբիսողոմ աղային առջև կուգա։
— Կարծեմ,— կըսե,— Աբիսողոմ աղան տեսնելու պատիվը կը վայելեմ։
Աբիսողոմ աղա բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կը նայի անբարբառ։ Քովի բարեկամն ալ ձայն չհաներ։
— Կարծեմ,— կը կրկնե,— այն մեծ մարդուն առջև գտնվելու բարեբախտությունն ունիմ, որ մայրաքաղաքս եկած է մեկենաս անվանվելու համար։
Աբիսողոմ աղան, որ այս ձևերուն տեղյակ չէր, գդալը կառնե և կսկսի ուտել բիլավն, զոր նոր բերած էր մանչուկը։ Սեղանակիցն ալ նոր գրագետի մը գալն իր գործույն արգելք համարելով՝ չուզեր անոր պատասխանել։
— Կարծեմ, կ՚ երեքկնե[3], այդ ազնիվ անձին քովը գտնվելու բախտը կը վայելեմ, որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մեջ կարդացի։
Աբիսողոմ աղան, որ բիլավով կզբաղեր, դարձյալ պատասխան չտար, և նոր եկողը կստիպվի պարզել յուր խոսքն ըսելով.
— Աբիսողոմ աղան հրամանքնիդ եք կարծեմ։
— Այո՛, ես եմ։
Նոր եկողն աթոռ մը կառնե և կը նստի։
Մանչուկը կուգա հարցնելու վերջեն եկողին, թե ի՞նչ կուզե ուտել։
— Եղի մեջ հավկիթ,—կը պատասխանե՝ ձեռքի ծրարը քովի աթոռին վրա դնելով։