Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբիսողոմ աղան բիլավն ալ կը հատցունե և կասկարայի[1] ձուկ կապսպրե։

— Էհ, Աբիսողոմ աղա,— կըսե նորեկը,— մեծ պատիվ, մեծ բախտ կը համարեմ ինծի ձեզի պես բաբեսիրտ անձի մը սեղանակից գտնվիլս։ Ծառադ՝ ազգային գրագետներուն ամենեն ետինն եմ, գրեթե քիչ մ՚ ալ բանաստեղծ եմ․ քանի մը ողբերգություն գրած եմ և կուզեմ․ որ անոնց յուրաքանչյուրեն քսանական օրինակ ձեզի նվեր ընեմ․․․

— Օ՜օօ, Աբիսողոմ աղա,— կըսե երրորդ մը խնդում երեսով Աբիսողոմ աղային մոտենալավ,— բարի եկած եք։

— Բարի տեսանք։

— Ես ազգային փաստաբաններեն եմ և ձեր գալն լսելով փութացի իմ խոնարհ հարգանքներս ձեզի մատուցանել և միանգամայն հայտնել, թե ձեր դատերն ինծի հանձնեք։

— Ես դատ չունիմ։

— Եթե դատ չունիք, ինչո՞ւ ուրեմն եկաք հոս։

— Ուրիշ գործի մը համար։

— Անկարելի է, որ ձեզի պես մարդ մը դատ չունենա․ ոչ միայն անկարելի է, այլ անպատվություն ալ է․ ձեզի պես մեկը հարյուրներով դատեր ունենալու է, և ձեր շնորհիվ քանի մը փաստաբաններ ապրելու են։ Եթե դուք դատ չունենաք անգին աղքա՞տը պիտի ունենա։

— Մեկու մը հետ դատ չունիմ։

— Զարմանալի բան․ մեկու մը դեմ դատ բանալու ալ միտք չունի՞ք։

— Բնավ, դատ բանալու պատճառ մը չունիմ։

— Դատ բանալու համար անպատճա՞ռ պատճառ մը ունենալու է․ մեկու մը դեմ դատ կը բանաք, կը լմննա կերթա։

— Է, ի՞նչ կը շահիմ։

— Դուն չես շահիր, բայց փաստաբանը կը շահի․ քեզի համար աղոթք կընե։ Մեծ մարդերն հիմա այնպես կընեն․ փաստաբաններն ապրեցնելու համար՝ իրենց դեմն ելնողներուն դեմ պատվո դատ կը բանան։

— Ես անանկ խայտառակություններ չեմ սիրեր։

— Ես կատակ ըրի, Աբիսողոմ աղա․ բայց կատակը մեկդի դնենք և լրջորեն խոսինք,— ըսավ փաստաբանը ծանր կերպարանք մ՚ առնելով․ լսեցի, որ շոգենավուն մեջ մեկու մը հետ քիչ մը առեր, տվեր եք, և այն մեկը ձեր պատվույն դեմ ծանր խոսքեր ըրեր է։

— Ամենևին։

— Թե դուք ալ անոր քանի մը խոսք ըրեր եք․․․

— Բնավ։



  1. Թավա։