— Ո՞վ կապասցունե, ո՞վ կուզե, որ սպասե, կը վռնտեմ, չերթալ։
— Կը վռնտես, բայց առանց մի ոսկի պարտքդ տալու։
— Ո՞վ պարտք ունի անոր։
— Դուն ունիս․ և եթե ան չըսեր ինծի, թե քեզմե առնելիքն այս իրիկուն պիտի առներ և ինծի պիտի տար, ես չէի տպեր այդ տոմսակներն և ներկայացման ազդերը։ Երկու ժամ է, որ վարը դռան առջև կսպասեմ, որ իջնա և պարտքը տա, և դուն հոս կը խաղցունես խեղճը։
— Աս ի՞նչ է, ես անոր պարտք ունենա՜մ․․․ ամենևին․․․
— Ամենևին,— ըսավ Մանուկ աղան։
— Ես անպատճառ առնելիք ունիմ չըսի քեզի, պարոն տպարանապետ,— ըսավ դերասանը,— այլ ըսի, թե օթյակի տոմսակ մը պիտի տամ, ոսկի մը պիտի առնեմ։
— Ինչո՞ւ ուրեմն խաբեցիր զիս, ստախո՛ս։
— Որպեսզի ծանուցումները ետ չմնան։
— Ես քու խաղալի՞քդ եմ։
— Ան քու խաղալի՞քդ է,— ըսավ Մանուկ աղան։
— Ինչո՞ւ խաղալիքս ըլլաս։
— Թշվառակա՛ն, խայտառա՛կ, անամո՛թ, աներե՛ս․․․
— Ատոնց ամենն ալ դու ես։
— Դո՛ւ ես։
— Ես չեմ, դու ես․
Ես չեմ, դու եսի վրա ծեծկվուք կը ծագի դերասանին և տպարարանապետին մեջ տեղ, Աբիսողոմ ու Մանուկ աղաները մեծ դժվարությամբ կը հաջողին զանոնք իրարմե բաժնել։
— Վա՛ր իջեք,— պոռաց Աբիսողոմ աղան զանոնք զատելեն ետքը,— վար իջեք և հոն կռվեցեք։
— Դուն մեր կռվույն խառնվելու ի՞նչ իրավունք ունիս․ դուն զիս չես կրնար վռնտել․ ես առնելիքս կուզեմ և ինծի պարտական եղողն ուր որ գտնեմ, հոն կրնամ մտնել։
— Դուն վար իջիր,— ըսավ դերասանին Աբիսողոմ աղան։
— Ի՞նչպես իջնամ․ տեսար, որ աչքիդ առջև ինչեր ըրավ։
— Մինչև որ ան չիջնա, ես քայլ մը չեմ առներ,— կրկնեց տպարանապետը։
— Մինչև որ ան չհեռանա, ես չեմ կրնար փողոց ելնել,— ըսավ դերասանը։
— Մենք իջնանք ուրեմն, Մանուկ աղա,— ըսավ Աբիսողոմ աղան։
Դերասանը Աբիսողոմ աղային ծունկերուն փաթթվելով աղաչեց, որ ոսկի մը փոխ տա գոնե։ Աբիսողոմ աղան շատ ընդդիմացավ, բայց հետո տեսնելով, որ անոնց ձեռքեն ուրիշ կերպով փրկվելու ճար չկա, ակռաները կրճտելով հանեց բարկությամբ, ոսկի մը տվավ տպարանապետին, որ շնորհակալություն