Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնելով դուրս ելավ։ Դերասանն ալ ներումն խնդրելով վար իջավ և գնաց։

— Ասոր ի՞նչ կըսես, Մանուկ աղա։

— Ըսելիք չմնաց, Աբիսողոմ աղա։

— Հրամանքդ վար իջիր, դուռը գոցե և ապսպրե, որ չբանան դուռն։

— Շատ լավ։

— Որպեսզի այս գիշերը գոնե հանգիստ անցունենք և մեր ի՞նչ ընելիքին վրա խորհինք։

— Իրավունք ունիս։

— Շուտ ըրեք, վասնզի հիմա մեկիկ-մեկիկ կուգան։

— Հիմա կերթամ։

Մանուկ աղան վար գնաց իրեն տված հրամանները կատարելու, և Աբիսողոմ աղան գլուխը բարձի մը վրա դրավ քիչ մը հանգստանալու համար։


ԺԱ

Աբիսողոմ աղան քանի մը ժամ քնացավ բազմոցի վրա։ Սակայն դատելով այն ձայներեն, զորս կը բառնար քունին մեջ, կը հասկցվեր, թե խմբագիրներն, բանաստեղծներն և դասատուներն քունի մեջ ալ հանգիստ չէին թողուր զինքն, որ կը պոռար մերթ ընդ մերթ․ «գացե՛ք, կորսվեցե՛ք, ստակ չունիմ ա՛լ տալու»։ Երեք ժամու չափ այսպես հուզված մրափելեն ետքը մեկեն ի մեկ աչքերը բացավ ահ գոչելով։ Կարծես խմբագիր մը անոր կոկորդեն սղմելով խղդեր կսպառնար զինքն, եթե չբարեհաճեր յուր թերթին բաժանորդ գրվելու։ «Տեր ողորմյա, տեր ողորմյա»,— պոռաց աչերը շփելով,— «հանգիստ քուն մ՚ալ չունինք»։

Հետո ոտքի ելնելով գազը վառեց և կանչեց Մանուկ աղան, որուն քիչ մը կերակուր ապսպրեց[1]։ Քառորդե մը բերվեցավ կերակուրն, որուն հաջորդեց խահվեն, որուն ետևեն եկավ քունը։ Հանվեցավ Աբիսողոմ աղան և անկողինը մտավ քնանալու համար։ Հարկ չէ կրկնել, թե նույն գիշերն հանդարտ քուն մը չունեցավ։ Առավոտուն կանուխ ելավ անկողինեն, երեսը լվաց, հագվեցավ, տունեն դուրս ելավ և շիտակ պ․ Դերենիկին գործատունը գնաց լուսանկար պատկերը քաշել տալու համար։ Գործատունը դեռ բացված չէր, և Աբիսողոմ աղան Բերայի փողոցներուն մեջ կը շրջեր, որպեսզի ժամանակ անցնի, և գործատունը բացվի։ Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացվեցավ գործատունը, և Աբիսողոմ աղան սանդուղե մը վեր ելնելով մտավ սենյակ մը, որ լուսանկար պատկերներով զարդարված էր և ուր պ․ Դերենիկ նստած կը կարդար։

— Բարի եկաք, Աբիսողոմ աղա, սանկ հրամմեցեք,— ըսավ պ․ Դերենիկ՝ սեղանի վրա դնելով լրագիրն։

  1. Պատվիրել։