Էջ:Metsapativ murackanner.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Կը խնդրեմ, մի բարկանաք, հիսուն վաթսուն ոսկի փոխատվություն մ՚ընեիք ինձ, որպեսզի այդ գումարն Փարիզ ղրկեի տղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկության վկայական առներ, գար ու քանի մը տարիեն վաստկեր ու տոկոսովն ձեզի հատուցաներ։ Բայց ինչ օգուտ, որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկություն մը ձեզի ընելու, որովհետև բարի եկաքի չեկա ձեզի։ Եթե բարի եկաքի եկած ըլլայի ձեզի, համարձակություն կունենայի ձեզի աղաչելու, որ սա պզտիկ խնդիրքս կատարեիք, բայց քանի որ բարի եկաքի չեկա ձեզի, դուք ալ իրավունք ունիք խնդիրքս մերժելու, թեև ագգային արհեստավոր մ՚ ըլլամ։

— Հիմա ատանկ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, ինչ որ պիտի ընես նե, ըրե․․․ Աս ի՜նչ տարօրինակ քաղաք է․ բարև, աստծու բարին, բարա[1] տուր․․․ Մեկու մը բարև տալու չէ․․․ Տեր ողորմյա․․․ տեր աստված, մեղա․․․ Ամեն բան սահման մ՚ ունի, էֆենտիմ․․․ Հասկցա․․․ ժամ առաջ փախչելու է այս քաղաքեն․․․

— Կերևի թե էֆենտին բարկացուցած են,— ըսավ՝ ներս մտնելով տարիքը հիսունին և վաթսունին մեջ կորսված քահանա մը։

— Աս չքաշվիր, տեր հայր։

— Ողջույն օրհնած․ թեպետ և դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձերին ով ըլլալն շատ լավ գիտեմ․․․ ի՞նչպես է, պատվական քեֆերնիդ աղե՞կ է։

— Շիտակը՝ աղեկ չէ։

— Աստված չընե․ աստուծով քիչ ատենեն ավելի աղեկ կըլլա։ Ձեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզեի։ (Սափրիչին) Քիչ մը դուրս կելլա՞ք։ Ես քեզի համար ալ կը խոսիմ, էֆենտիեն կը հասկնամ խնդիրքդ և ես ալ կը բարեխոսեմ, որ ի նպաստ քեզի բան մ՚ ընե։ Էֆենտի, սափրիչնիս ալ, գիտեք ա՞, ազգայիններեն է, անոր ալ երակներուն մեջ Հայկա արյունը կ՚եռա, անտես ընելու չէ զանոնք ալ․․․ (սափրիչը կերթա)։ Ձեզի հետ մասնավոր և առանձին տեսակցություն մ՚ ընել ուզելուս պատճառն սա է, որ հրամանքնիդ կարգվիլ կուզեք եղեր․․․ և ինչո՞ւ չկարգվիք։ Իմացա նե, շատ ուրախացա, և ինչո՞ւ չուրախանայի։ Ձեզիպեսներն կարգվելու են, որ ազգերնուս մեջ հարուստ աղայք շատնան։ Աղվոր աղջիկ կը փնտրեք կոր եղեր․․․ և ինչո՞ւ չփնտրեք․ ես ալ ձեր տեղն ըլլայի նե, ես ալ կը փնտրեի։ Ստակ ալ կուզեք կոր եղեր քիչ մը․․․ ինչո՞ւ չուզեք, առանց ստակի կարգվիլն ալ, շիտակը, աղեկ բան մը չէ։ Այդ ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թե աղվոր են և թե հարուստ։

— Շնորհակալ եմ, օր մը կը նայինք, աչքե կանցունենք զանոնք։ Եթե կուզեք, քիչ մը սպասեցեք, սա պատկերս քաշել տամ ու երթանք։ Շիտակը խոսելով՝ ես ուրիշ գործ չունիմ հոս, աղջիկ փնտրելու եկած եմ․ քանի մ՚ օր

  1. Փող։