Էջ:Metsapativ murackanner.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի մնամ․. եթե կրցի գտնել, կարգվիմ պիտի հետն ու առնեմ, պիտի երթամ, եթե չգտնեմ, դարձյալ պիտի երթամ, որովհետև հոս հանգիստ չեն թողուր զիս վայրկյան մը․ ալ ձանձրացա։

— Իրավունք ունիք, ժամանակներն ալ գեշ են, էֆենտիս, դրամական տագնապ, տագնապ դրամական ամենուրեք կը տիրե, ազգին աղքատները շատ են։ Ինչ որ է, կսպասեմ ձեզի ու ի միասին կերթանք։

— Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկավ ու․․․

Այս միջոցին պ․ Դերենիկ ներս կմտնե ու

— Հրամմեցեք,— կըսե,— սրահը։

— Բայց մազերս․․․

— Հոգ չէ, ես կը սանտրեմ։

— Բայց բեղերս․․․

— Վնաս չունի, ես կը շտկեմ։

Պ․ Դերենիկ Աբիսողոմ աղային կառաջնորդե լուսանկարի սրահը։

Քահանան առանձին կը մնա և կսկսի մտքովը հետևյալ խորհրդածություն­ներն ընել։ Բայց ի՞նչպես կրնանք մտքով եդած խորհրդածություններն գուշա­կել․ դեմքեն անշուշտ․ դեմքերը շատ անգամ կը խոսին․ ինչպես հարուստնե­րուն, նույնպես նաև աղքատներուն լեզուն շատ անգամ անոնց դեմքին վրա է։ Մեկու մը դեմքը նայելով կրնանք ըսել՝

— Այս մարդն իձմե ստակ ուզելու եկած է, կամ այս մարդն ինծի ստակ տալու եկած է։

Քահանային դեմքն ալ կըսեր․ «Ի՞նչ ճանփա բռնեմ, որ սա ձմեռվան ածու­խիս ու փայտիս ստակն սա մարդեն փրցնեմ»[1]։

Քահանան այս խորհրդածությանց մեջ էր, երբ սափրիչն ներս մտավ նորեն ու քահանային ըսավ․

— Տեր հայր, գործս ավրեցիր[2] եթե ներս չմտնեիր, քանի մ՚ ոսկի պիտի փրցնեի այս մարդեն․ տվող է՝ կըսեն կոր, տվող․ բոլոր խմբագիրներուն և դասատուներուն ստակ տվեր է։

— Եղբայր, անոնք չե՞ն մի, որ պատճառ կըլլան կոր, որ մեզի պես աղքատները չեն կրնար կոր օտարականներե ստակ փրցնել։ Հյուր մը եկա՞վ մի, բոլոր խմբագիրներն ու դասատուները վրան կը թափին կոր․․․ անիծյալ գարշելիներ․․․

— Ի՞նչ պիտի ընենք հիմա։

— Ես քեզի համար կբարեխոսեմ, դուն ալ ինծի համար միջնորդե, գոնե մեյմեկ[3] կտոր բան փրցնենք սա մարդեն։

— Շատ աղեկ։

  1. Պոկել։
  2. Խանգարել, փչացնել։
  3. Մի մի։