Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։

— Լռե՛։

— Չպիտի լռեմ։

— Թո՛ղ տվեք թևերս։

— Թող՛ չեմ տար,— կը պաաասխանե տիկին Շուշան,— իմ իրավունքս է։

— Ոչ, իմ իրավունքս է։

— Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես․ դուն աղջիկ չես ճանչնար։

— Մի՛ պոռար․ պիտի թողում, որ կողոպտեք այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։

— Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞․․․ ես չեմ ուզեր աղջիկ։

— Չըլլար,— կը պատասխանե տիկին Շուշան,— մենք քեզի աղջիկ մը պիտի գտնենք․ բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստակի[1] կըլլա։

— Ընդհակառակն, քահանայի ձեռամբը աղջիկ փնտրողն է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա։

— Թող չեմ տար։

— Երթանք, Աբիսողոմ աղա։

— Թող չեմ տար, որ երթա․ ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աոջիկտեսի պիտի երթանք։

Այս տեսարանը տեղի կունենար պ․ Դերենիկի գործատան[2] առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու՝ եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, որուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանա­յին և տիկին Շուշանին և հեռացուց զանոնք։

— Ա՜հ,— ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղայի դառնալով,— հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք․ ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։

— Իրա՞վ կըսեք։

— Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կուզես, լավ․ ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե և ուզածդ առ։

— Աղեկ ըսիր։

— Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի։

— Ցուցո՛ւր:

— Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է հիմա։

— Այդպե՞ս է։

  1. Դրամ։
  2. Արհեստանոց։