Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մինչև անգամ ամոթ է։

— Ամոթ է նե, չուզեր։

— Ես քեզի աղջիկ կը հավնեցնեմ։

— Շնորհակալ եմ։

— Տուր ինծի դուն սըկեց հիսուն ոսկի։

— Սա ի՞նչ ըսել է։

— Տուր դուն ինծի հիսուն ոսկի։

— Ի՞նչու տամ։

Ա՜լլահ, ա՜լլահ[1], տուր կըսեմ կոր նե, հարկավ բան մը գիտեմ կոր․ տեր ողորմյա, պիտի առնեմ, չպիտի փախչիմ յա։

— Չպիտի փախչիս, բայց․․․

— Կը վախնա՞ս կոր ինծի հիսուն ոսկի տալու, արդեն այքան գումար մը պահանջող եմ ես քեզմե, ձեզի համար այնքա՜ն ծախքեր ըրած եմ։

— Այնքան ծախքե՜ր․․․ ի՞նչ ծախքեր են անոնք․․․

— Մեկիկ մեկեկ չպիտի գրենք ա՛, տիկինը գիտե։ Բայց թողունք այդ խնդիրը հիմա։

— Ո՛չ, չթողունք այս խնդիրը․ հիսուն ոսկի․․․ քա՞նի օր եղավ որ․․․

— Մեկու մը պարտք ունեի, այսօր եկավ, նեղը խոթեց զիս, և եթե այդ գումարը չվճարեմ, տունեն պիտի հանեն մեզի։ Ասիկա ինծի համար ամոթ է, քեզի համար ալ պատվաբեր բան մը չէ։ Տուր սա հիսուն ոսկին, հաշիվը կը կարգադրենք վերջը։

— Ի՞նչ խայտառակություն է աս․․․

— Աղջիկ գտնամ նե, միջնորդեք[2] չպիտի ուզեմ ես քեզմե․ տուր սա հիսուն ոսկին։

— Ինչո՞ւ տամ․․․ ի՞նչ ըրի ես քեզի․․․

— Կցավիմ, որ խոսք չեք հասկնար կոր․ քեզի ինչ կըսեմ կոր նե, ան ըրե․ ինչո՞ւ չէս տար կոր սա հիսուն ոսկին։

— Չեմ տար, տունեդ ալ կելնեմ, կերթամ։

Եվ խոսելով դեպ ի տուն կը քալեին։

— Հիսուն ոսկին ալ մեծ բան մ՚ ըլլար, որ չեք ուզեր կոր տալ։ Իրավ որ ես ձեզմե չէի հուսար։

— Հուսացե՛ք։

— Ձեր քիպարությանը չէի ձգեր, որ հիսուն ոսկիի խոսքն ընեք։

— Սնդուկներս կառնեմ, կերթամ ես։

— Կրնաք երթալ, բայց հիսուն ոսկին տալեն ետքը։

— Չեմ տար։

  1. Աստված։
  2. Մի գործ հաջողեցնելու համար միջնորդություն։