Էջ:Metsapativ murackanner.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կուտաք։

Կհասնին Ծաղկի փողոց, ուր եկած էին նաև քահանան, սափրիչն ու տիկին Շուշան։

— Գնացե՛ք, մեկդի գացեք, երեսնիդ տեսնել չեմ ուզեր,— պոռաց Աբիսողոմ աղան տեսնելով զանոնք։

Հետո դուռը զարկավ, ներս մտավ և սկսավ սնդուկները կապել ի զարմացուﬓ տան տիկնոջ։

— Ինչո՞ւ կը ժողվըվիք կոր, Աբիսողոմ աղա,— հարցուց տան տիկինը։

— Երթամ պիտի, պիտի երթամ։ Միտքս փոխեցի․ չպիտի կարգվիմ։

— Բարկացուցի՞ն ձեզի։

— Ո՛չ,

— Ինչո՞ւ ուրեմն բարկացած եք։

— Բարկացած չեմ։

— Քուզում[1] Աբիսողոմ Աղա, Մանուկ աղան հիսուն ոսկի պիտի ուզեր քեզմե, ուզե՞ց։

— Ուզեց։

— Սխալմունք մ՚ է եղեր։

— Սխալմո՞ւնք է եղեր։

— Այո՛, հիսուն ոսկի չպիտի ըլլա, այլ հարյուր հիսուն ոսկի։ Սա բարությունն ըրե՛ մեզի։ Դուն քիպար մարդ ես։ Մենք ալ քու սայեյեդ[2] պարտքե կազատինք։

Աբիսողոմ աղան սնդուկները կապելն, փողոց ցատկելն, երեք բեռնակիր բերելն ու սնդուկներն դուրս հանելն մեկ կընե։

Սափրիչը, քահանան, տիկին Շուշան և Մանուկ աղան կը հետևին իրեն մինչև․․․ հյուրանոցի դուռը։ Ուսկից կը մտնե Աբիսողոմ աղան, և կհեռանան իրեն հետևողները։ Բացի Մանուկ աղայեն, որը կընկերանա Աբիսողոմ աղային հաշիվները կարգավորելու համար։

Այն օրեն ի վեր Աբիսողոմ աղան տեսնող չեղավ․ միայն թե քանի մը շաբաթներ նույն հյուրանոցին դռան առջև կտեսնվեին խմբագիրք, հեղինակք, բանաստեղծք՝ իրենց թևի տակը թղթյա ծրարներ ունենալով։

Այսպես ուրեմն, կարգվելու նպատակավ Պոլիս եկողն աղջիկ մ՚ իսկ տեսնե­լու ժամանակ չունեցավ և, ինչպես կըսեն, բուրդ ու բապուճ[3] փախավ մայրաքաղաքես։ Բայց անջնջելի հիշատակ մը թողուց գրական մարդոց մտքին մեջ։

  1. Սիրելի։
  2. Հովանի, պաշտպանություն։
  3. Հողաթափ, չուստ․ օձիքն ազատելով փախչել։