Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

I

— Ի՞նչ է մահը:

— Այդպիսի հարցմունք կլինի՞, ով չգիտե մահի ինչ լինելը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն Շահումյանցի հարցմունքին. և այնպես հաստատ ձայնով, որպես թե ամենևին խոսելու բան չկար այդ մասին։

Շահումյանցը յուր սեփական սառնասրտությամբ նայեց Թյությունճի-Օղլուի վերա բավական ժամանակ, բայց չկարողացավ ծածկել յուր հեգնական ժպիտը, որ խաղում էր ահա շրթունքի վերա։

Թյությունճի-Օղլուն բանի տեղ չդրեց Շահումյանցի դեմքի փոփոխությունը. պատճառ, նա նորա հարցմունքը ևս համարում էր ոչ այնքան արժանի ուշադրության։ Տիրեց րոպեական լռություն։

Շահումյանց պարոն Գեորգը այն տեսակ մարդերից չէր, որ միմիայն ծիծաղի մարդու վերա, եթե տեսել էր նորանում մի պակասություն. այլ երեխայութենից բռնած, ստացած լինելով մի առողջ և բնական կրթություն և վերջումը ավարտած լինելով յուր ուսումը, որպես բնագետ, Հելզինգֆորսի համալսարանումը, միշտ աշխատում էր, որ յուր ծիծաղը ուրիշի համար լիներ մի խրատական ու աչք բացող բան։ Այս պատճառով սկսեց.

-Պարոն, դու, որ բանի տեղ չես դնում իմ հարցմունքը, ասել է, թե գիտես մահի ինչ լինելը. ուրեմն ասա՝ ինձ, որ ես ևս իմանամ։

Թյությունճի-Օղլուն համարյա թե վիրավորված էր Շահումյանցի հարցմունքից. պատճառ, թթու երեսով նայեց նորա վերա և երկու ձեռքերով գլխի ետնակողմից հառաջ շփելով յուր կիսով չափ սպիտակ մազերը ճաղատ ճակատի վերա, ասաց.

— Ես տեսանում եմ, որ դու հայտնի ծիծաղում ես իմ վերա. կամ թե այդպես չէ՛, ուրեմն ների՛ր ինձ, եթե ասեմ, թե կան դեռևս բաներ, որոնց մասին դու տեղեկություն չունեիր.

160