Շահումյանցը դարձյալ ժպտեցավ։
— Մահը այն է,— հավելացրեց շուտով Թյությունճի-Օղլուն, — որ գալիս է և կտրում է կյանքը. մարդը, որ ենթարկվում է մահի ներգործությանը, մեռանում է իսկույն։
— Ուրեմն քո կարծիքով մահը մի էակ է, որ գալիս է, կտրում է, ներգործում է. պատճառ, այդ գործողությունքը կարող է կատարել մի այնպիսի բան, որ զգալ ուներ, որ կամք ուներ, որ գործիք ուներ. և այսպես քո ասելով մահը մի մարդու նման, կամ ով գիտե, սատանայի նման մի բան է, որ կարողանում է այդպիսի գործ հառաջացնել։
— Ես չեմ ասում թե մարդ է, կամ սատանա է,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն մի կերպ հանգստությամբ։
— Բայց,— կտրեց նորա խոսքը Շահումյանցը,— մի այնպիսի բան է, որ կամք ուներ. այնպես չէ՞։
— Թո՛ղ այդպես լինի,— ասաց Թյությունճի-Օղլուն, — ես այսքան գիտեմ, թե այն մարզիկը, որ պատահած էին մահին, այնուհետև առավել չեն ապրել, այլ իսկույն մեռել են։
—Չկամի՞ս արդյոք ասել, եթե մահ չիներ, մարդիկ մեռանելու չէին։
— Անտարակույս,— ասաց Թյությունճի-Օղլուն ուրախացած, որ յուր հակառակորդը լավ զենք տվեց յուր ձեռքը։
— Ուրեմն,— հավելացրեց Շահումյանցը,— եթե մի ճրագ վառեիր և թողվիր նորան հանգիստ, և ամենևին ոչ ոք նորան ձեռք չտար, այսուամենայնիվ նա մարելու չէ՞ր մի ժամանակ։
— Ի՞նչ ասել է,— բացականչեց Թյությունճի-Օղլուն, -ո՞վ է տեսել, որ ճրագը հավիտյան վառվի. թեև ձեռք չէիր տալու, այնուամենայնիվ կավարտվեին վերջապես յուղը և պատրույգը։
— Փառք աստուծո, մի ուղիղ մտածություն լսեցի քեզանից, — ասաց Շահումյանցը,— ուրեմն այս հիման վերա, մարդը ի՞նչ պատճառով ավարտելու չէր յուր կյանքը մի ժամանակ, թեև չկար մի պատճառ, որ տարաժամ խլեր նորա կյանքը։
— Մի՞թե քո աչքումը մարդը և ճրագը հավասար բան են,— գանչեց Թյությունճի-Օղլուն,— ես չգիտեի,որ դու անհավատ ես։
— Ինչի՞ց իմացար իմ անհավատությունը,— հարցրեց Շահումյանցը։
— Նորանից,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն, որ դու,
11-162