Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդը, որ հոգի ունի, որ աստուծո պատկեր է, հավասարեցիր մի ճրագի հետ, որ մարդու ձեռագործն էր։

— Մի՞թե ճրագը մարդն է ստեղծել. ես գիտեմ, որ նա կազմել է յուղից և պտտրույգից, որ աստված ստեղծել է. և եթե այս պատրաստությունքը չլինեին, կարո՞ղ էր մարդը ոչնչից բան գոյացնել. բայց որովհետև դու այդ տեսակ մտածություններ ունիս,—հավելացրեց Շահումյանցը,— ես այլ տեսակ կխոսիմ քո հետ, միայն կցանկանայի, որ հասկանայիր իմ ասածները...

— Շատ վեր ես քարշվում,— ասաց Թյությունճի-Օղլուն,— որ կարծում ես թե մարդ չկար, որ հասկանար քո ասելիքը. ասա՛, ես լսում եմ, կհասկանամ և կպատասխանեմ քեզ, և լավ է, որ մեր խոսակցությունը ստանում է այսպիսի շարունակ ընթացք, գո′նե ժամանակը կանցանե, մինչև կինս և Մանուշակս տուն կդառնան այժմ քանի՞երորդ ժամն է.

— Դեռևս վեցերորդ,— պատասխանեց Շահումյանցը, նայելով յուր կրկնափակ ոսկյա ժամացույցին։

Ես շատ զարմացած լինելով այս մարդոց խոսակցության սկզբի և բանի վերջավորության վերա, չհամբերեցի, որ ընթերցողներին ծանոթացնեմ այն տան հետ, ուր այս երկու մարդիկը խոսում էին կամ նույնիսկ մարդերի հետ, վասն որո, սիրելի ընթերցող, ներելով իմ այս անհամբերությանը, դու գոնե ինձանից առավել համբերող գտանվիր, եթե ես, կտրելով խոսակցության թելը, կարճ ծանոթություն տամ քեզ Թյությունճի-0ղլուի, նորա տան և Շահումյանցի մասին։

Տունը, որի մեջ նստած էին այս երկու մարդիկը, ինչպես ասացի, պատկանում էր Թյությունճի-0ղլուին, որ չգիտեմ ինչ պատճառով ոչ ոքի չէր ասում յուր հատուկ անունը և ոչ ոք ևս չգիտեր. պատճառ, նա բնիկ նախիջևանցի չէր, այլ օտար աշխարհից եկած լինելով, հայտնի էր միայն անունովս Թյությունճի-Օղլուին։ Այսպես ահա սորա տունը գտանվում էր մի աննշան փողոցի մեջ, քաղաքի ծայրումը. շինվածքը փայտյա, երեք պատուհանով, որ նայում էին դեպի ցեխոտ փողոցը, որովհետև աշունը շատ առատ էր եղել յուր անձրևներովը։ Սենյակը, որի մեջ նստած էին, զարդարած էր շատ հասարակ և աղքատ կարասիքներով. պատի վերա կախած էին մի քանի շատ հասարակ պատկերներ. պատահմունքով գնված, առանց հասկանալու, թե ո՞վի պատկերներն էին, այլ իբրև սովորական զարդարանք գործ ածելու համար։ Բայց թե լավ, թե վատ, երևում

162