այո՛, արժան էր, որ մեք ևս ուսանեինք նորանից, օրինակ առնվինք նորանից և հետևեինք նորան։ Բայց ափսոս, մեր կամքը, մեր զգացողությունը, որ դուրս էր բնության նյութական բաների օրենքից, շատ անգամ բռնացնում են մեզ ոչ թե միմյանց վերա, այլև նույնիսկ բնության վերա, եթե միայն կարելի էր այս...
Թյությունճի-Օղլուն, որ ձեռքերը սրտին խաչած լսում էր Շահումյանցին բոլորովին զարմացած, ասաց նորան։
— Ես անչափ շնորհակալ եմ այդ գեղեցիկ խոսակցությանդ վերա. ճշմարի՛տ, ես շատ խելոք մարդիկ տեսել էի Խաչատուր աղայի ղահվետնումը, բայց այդպիսի խոսքեր լսած չէի։ Ասածներդ բոլորը ճշմարիտ են, բայց չգիտեմ, ի՞նչ բան է, որ ներսիցս ասում է,— թե լավ կլիներ, որ չընդունեի այդ ասածներդ... Բայց, ինչպես տեսանում եմ, զուր է իմ ընդունելը կամ չընդունելը. պատճառ, երկու դիպվածում ևս մեռանելու էի, և բնությունը կատարելու էր իմ վերա ևս յուր պարտականությունը և օրենքը։
— Այդ զգացմունքը, որ դրդում է քեզ երկբայել բնության օրենքի վերա, միմիայն անձնասիրություն է։ Ես ասացի, թե մեր կամքը և այլ աննյութ կարողությունքը աշխատում են բռնանալ և նույնիսկ բնության վերա, աշխատում են, եթե կարելի է խլել նորա իրավունքը մեր մարմնի վերայից. մեր անձնասիրությունը չէ թույլ տալիս, որ հավատայինք, թե մեր փափուկ, պարարտ մարմինը երբեմն կարող էր աղյուս պատրաստել բաղանիքի հնոց շինելու համար, կամ ճեղքվիլ, տրորվիլ երկրագործի արորի տակ և մի սերմ կանաչացնել, մի ճնճղուկ կամ մի մուկ կերակրելու համար, այո՛, և՛ օձի, և՛ զանազան ժժմունքների բույն ևս դառնալու համար։ Բայց բնության հարազատ որդին պիտո է սառն աչքով նայի այս բանի վերա և պիտի օրհնե նորա Արարիչը, որի ձեռագործքը անմահ են, որ ամենայն բան ստեղծելով մահ չէ ստեղծել։
— Հավատա', պարո՜ն, — բացականչեց Թյությունճի-Օղլուն,— թե իմ ձեռքիցս գար ես կաշխատեի ամենայն օր խոսել քո հետ այսպիսի գեղեցիկ բաների վերա, բայց ի՞նչ առնես, աշխարհի սուտ և անիրավ կարգը մեր երկուքի մեջ այնպիսի մեծ փոս է փորել, որ ես շատ հեռի եմ քեզանից և չեմ կարող համարձակվիլ անցնել այդ փոսը, որ միշտ քեզ հետ լինեի, և այսչափիցը ևս շնորհակալ եմ, որ դու արժան ես համարում քեզ մտանել իմ խաղաղ և հեզ բնակարանը։
— Դու եթե հավատաս բնության հրաշքներին, կտեսանես, որ