պարոն ճաշի կանշե յուր մոտ, մեծ շնորհ է ռամկական կարծիքով. ճշմարիտ է, Թյությունճի-Օղլուն, եթե մի րոպե ուրախանում էր, կամ այս մտածությունը ևս գալիս էր միտքը, որ արժանի է եղել պարոն Շահումյանցի սեղանին, մյուս րոպեումը իսկույն անձնաճանաչությունը հրամայում էր չափ դնել այդ ուրախությանը, զգացուցանելով, թե այդ մի մեծ արժանավորություն չէր մի մարդու համար, եթե նա սեղանակից էր եղած մի հարստականի։
Թյությունճի-Օղլուն լավ գիտեր, որ մարդու արժանավորությունը ժանգոտ ոսկու ու արծաթի վերա չէր, այլ մաքուր սրտի և առողջ բանականության վերա, որի առաջնորդը էր խղճմտանքը. բայց ի՞նչ առնես, կան րոպեներ մարդու կյանքի մեջ, որ նման չէին նորա ամբողջ կյանքի բնավորությանը։
— Այսօր մեր փեսա Մկրտիչը եկել էր մեր մոտ,— վեր առեց կինը,— և գիտե՞ս ինչ պատճառով։
— Գալը ևս չգիտեմ, ոչ թե պատճառը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն ժպտելով և միտքը ամենևին չհեռացնելով այն օրվա ճաշկերութենից։
— Նա եկել էր,— շարունակեց կինը,— որ խնդրե քեզանից, որ դու այս յոթն շաբաթի մեջ ամուսնացնես Մանուշակը նորա հետ։
— Ի՞նչ շտապելու բան կա,— հարցրեց Թյությունճի-Օղլուն, փոքր ինչ անհանգստացած։
— Ասում է, թե Հիսնակին Ղրիմ պիտի երթա և մինչև զատիկ այնտեղ պիտի մնա, իսկ առաջի պսակներին Սուրբ Կարապետ պիտի երթա։
— Լավ հաշիվներ են. այսպես պիտի առնե, այնպես պիտի առնե. բայց հարցրե՞լ է ինձ, խնդրե՞լ է իմ համաձայնությունը։ Ես գալոց ամառից հառաջ, չեմ կարող հարսանիք առնել, ինչպես կամի, թո՛ղ գնա գա երթալու տեղերը, հետո տեսանենք աստված ի՛նչ կտա,— ասաց Թյությունճի-Օղլուն, համարյա թե բարկացած: — Դու ի՞նչ ասացիր,— հավելացրեց նա։
— Ես ասացի, որ առանց քո հետ խոսելու չեմ կարող կտրական բան ասել։
Շատ լավ ես ասել. եթե մյուս անգամ գա, ասա՛ նորան, որ ամառից հառաջ չենք կարող, և արդարև չենք կարող, արծաթ չկա։ Ես ստանալիքներ ունիմ, որոց ժամանակը հուլիսին է, դու
186