Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես շատ խորունկներ չեմ մտանում,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— ես միայն գիտեմ վերջապես, որ մարդը պատկեր է աստուծո։

Եվ այդ պատկեր լինելը դու ի՞նչ տեսակ ես հասկանում. մարդը նման է աստուծո՞. այդ անկարելի է, և ապացույց չկա. եթե հոգու կողմից ես ասում, ես մասնավորապես ընդունում եմ, իսկ ընդհանրապես ո՛չ։ Մի՞թե քո կարծիքներով ամենայն մարդ, որ հոգի ունի, պատկեր է աստուծո. մի՞թե մի չարագործ, մի ավազակ, մի մարդասպան կարող է համարձակվիլ ասել, թե աստուծո պատկեր էր։

— Չարագործությունը և հանցանքները այլ բաներ են, — պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— նա նորանց փոխանակ պատիժ կստանա, բայց աստուծո պատկեր լինելը ես միշտ ընդունում եմ։

— Սխալ է,— ասաց Շահումյանցը,— և դորա պատճառը այն է, որ դու չգիտես, թե ի՛նչ է մարդը, նորա արժանավորությունը և պակասությունը. եթե այս գիտենայիր, ապա դու ինքդ կասեիր, թե արժանավոր մարդը միայն պատկեր է աստուծո, իսկ անարժանը ամենևին ոչ։

Այս միջոցին Մանուշակը հասարակ սկուտեղի վերա դրած թեյի բաժակները բերեց Շահումյանցին. սա պատվել կամենալով տանուտերը առաջարկեց, որ հառաջ Թյությունճի-Օղլուն առնու։

— Այդ ի՞նչ բան է,— կանչեց Թյությունճի-Օղլուն,— ես տան մարդ եմ. խնդրե՛մ հրամայեցեք, ի՞նչ ասել է փոխանակ տան տերը հյուրին պատիվ տալու, հյուրը պիտո է պատվե տան տիրոջը։

— ՉԷ՛,— ասաց Շահումյանցը,— ես պատվում եմ քեզ. ո՜չ թե իբրև տան տեր, այլ իբրև ինձանից առավել հասակավոր. մեք հրաման ունինք աստծուց ծերը պատվելու։

Թյությունճի-Օղլուն ուրախացավ և մի փոքր փչվեց ևս յուր միջում։ Բայց չկարծեմ, թե Շահումյանցը այս մտքով ասած լիներ, այլ առավել շուտ կարելի էր կարծել, որ եթե Թյությունճի-Օղլուն երբեմն կարծիքների անհամաձայնության վերա հեռանում էր սրտով Շահումյանցից թեև ակամա, որպեսզի վերջինս այսպիսի քաղաքավարութենով ներկե նորա աչքերը։

— Մեք միշտ պարտական ենք հասակը պատվել, և այս բնական օրենք է, պատճառ, ծերը երիտասարդից կանուխ է, և ծերերն

189