Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Թյությունճի-օղլուն, հաջող ժամանակ համարելով յուր նանրահավատությունքը հանդես բերելու, համաձայնեցավ Մանուշակի կարծիքին և ասաց յուր ամուսնուն, որ մի երկու օր ևս սպասե, մինչև որ ինքը գործ դնե Մանուշակի վերա յուր առողջացուցիչ հնարքը, և եթե չառողջանա Մանուշակը, այն ժամանակ բժիշկ կանչեն։

Այս վերջին խոսքերը դուրս չէին գալիս տիկին Թյությունճի Օղլուի սրտի վկայութենից. նա հաստատապես հավատում էր, թե դյութական սնոտի արարողությունքը հազար անգամ ստույգ ներգործողը էին, քան թե բժշկի դեղերը. բայց յուր ամուսնու բարկությունը չշարժելու, և նորա թույլտվությունը ստանալու համար, հավելացրեց այն վերջին խոսքերը, որպես թե չէր հերքում բժշկի օգտակարությունը, այլ առավել ստույգ համարելով պահում էր նորան, գործ դնել նեղության մեջ, եթն աստված մի՛ արասցե, Մանուշակը առողջանալու չլիներ յուր մոր դեղերով։

Մանուշակը թեև լավ գիտեր յուր մոր ճարերի չնչին և հիմարական բաներ լինելը, բայց շուտով հոժարեցավ մոր կարծիքին, որովհետև ոչինչ դեղ և ոչինչ բան մտանելու չէին նորա կազմվածքի մեջ, այլ միմիայն կատարվելու էին մի քանի վհկական արարողությունը, որ օգուտ կամ վնաս չէին կարող պատճառել ֆիզիկապես. նա հոժարեցավ այս բանին դարձյալ այն պատճառով, որ հանդարտեցնե ծնողաց սիրտը որ մաքուր մնա նոցա խղճմտանքը այն բանի մեջ, թև անխնամ չէին մնացած դեպի յուրյանց սիրական, մի հատիկ Մանուշակի առողջությունը:

Այսպես ահա տիկին Թյությունճի-Օղլուին հանձնվեցավ Մանուշակի առողջության մասին գլխավոր հոգաբարձությունը։

Թյությունճի-Օղլու տիկինը, յուր բոլոր ճարերի մեջ, գերադաս էր համարում թեթևը, այս պատճառով սկսեց նա թեթևի պատրաստությունը տեսանել։

Այստեղ պատշաճ ենք համարում ծանոթացնել մեր ընթերցողներին, թե ի՞նչ է թեթևը:

Խոստանալով ծանոթություն տալ թեթևի մասին, մեք հանձնառու չենք մեկնել դրականապես, թե ի՞նչ պատճառով այդ արարողության անունը թեթև է. բայց միևնույն ժամանակ չենք հրաժարվում մեր կարծիքը հրապարակելուց, թե որովհետև տեղացի կարծիքով այդ արարողությունը պարգևում է ցավերին բժշկություն և թեթևություն, վասն որո մտածում ենք, թե այս պատճառով