Փաթաթում է երեխան, ավարտում է յուր գործը և կամենալով գնալ, ահա մի պառավ, ինչպես Մանուշակ դայեկը համարել է, ծննդկանի մայրը, գալիս է նորա մոտ, ասում է, բռնի՛ր գոգնոցդ, և ածում է նորա մեջ սխտորի փեճեկներ շատ․ հետո, այն երկու լավ հագնված մարդիկը, որ բերել էին դայեկին այստեղ, դնում են սայլի մեջ և անվնաս հասուցանում են նորան յուր տուն։
Դայեկը հասկացած լինելով, թե ընկած էր մեզիմեն աղեկների մեջ, սայլումը դեռևս նստած, առանց ձայն հանելու, կամաց թափում է գոգնոցից սխտորի փեճեկները․․․ Բայց ինչպես և իցե պատահում է, որ երկուքը ամրացած մնում են գոգնոցի վերա, որ նա չէ նկատում մութ տեղը։ Հասանում է տուն, և մինչ դուռը կամենում է բախել, իսկույն անհայտանում են և բերողքը և ձին և սայլը, պատճառ, աքաղաղը լուսադեմին սկսած է լինում խոսել․․․
Խեղճ դայեկը երեսը խաչ հանելով, մտանում է տուն և քնում է։ Առավոտուն հանդերձը հագնելու ժամանակ, տեսանում է, որ գոգնոցի վերա կախված էին երկու հոլանդյան ոսկիք, իսկույն հասկանում է բանի զորությունը․․․ Բայց ի՛նչ առնես, որ մյուսները թափել էր ճանապարհին։