Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից,
Անտառներից, ձորերից,
Խոր ծովերի տակերից։

Դուք, որ օդումն եք լինում,
Կամ յոթն կարգ գետնի տակ,
Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թե արձակ:


Պառավները երրորդ անգամ ավարտեցին յուրյանց երգը և պտույտ գալը, և յուրաքանչյուր ոք կանգնեցավ յուր տեղում։ Այս անգամ անթարթ աչքերով նայում էին երեքը միասին պտուկին. գլխավոր պառավի դեմքը առավել զարհուրելի էր նորա գլխի անդադար ցնցվելուց։ Նա մի քանի վայրկյան նայելով պտուկին, ասաց դժոխային ձայնով. «վերջին գնդակը հալվեցավ»։ Հազիվ թե ասել էր նա այս խոսքը, կատուն մլավեց դարձյալ և ամենակործան կայծակը դղրդեց Խանլը–Դերեն, որ լցված էր նույն իսկ րոպեին անհամար քուրերով, որոնց հրավիրում էին երեք պառավները...

Չկային այնուհետև մեջտեղումը ո՛չ ձոր, ո՛չ պառավներ, ո՛չ խարույկ, ո՛չ պտուկ և ո՛չ կատու։

Անձրևը կտրած էր բոլորովին. խաղաղ քամին, որ հազիվ թե շարժեցնում էր ծառի ամենաթեթև տերևը, զովացնում էր ամառային տոթը։

Մի մեծ և անծայր սեղան, լուսավորված անհամար մոմերով, որ տնկած էին արծաթի և շափյուղյա մոմակալների վերա, զարդարած ոսկի, արծաթ սպասներով և առատ, յոթը տեսակ մրգերով... Դրած էր մի ծառազարդ այգու մեջ։Սեղանի ճակատում, առաջին տեղում, երեք ոսկեզօծ և թավիշով կարած աթոռներ, որոնց վերա երևում էին նստած երեք այնպիսի գեղեցիկ, մատաղահաս, տասնևվեց կամ տասնևյոթն տարեկան աղջիկներ, որ մարդու աչքը կուրանում էր նոցա վերա նայելով. մանավանդ նոցա մեջտեղում նստածը փայլում էր մի առանձին, սքանչելի գեղեցկութենով, որի նմանը դեռևս չէ ստեղծել մարդկային ճարտարությունը։ Երևում էր, որ նա երեքից մեծն էր։ Նոցա մազերը խարտյաշ, երկայն, թափվում էր գանգուրներով ուսերի վերայից մինչև գոտին։ Սպիտակ, թափանցիկ, մարմարիոնյա մարմինները մերկ էին մինչև

215