Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխն է եկել այս բանը, նորա նման հարուստ, ուսումնական մարդու համար աղջի՞կ է պակաս Նախիջևանի մեջ, որ խնդրում է Մանուշակին։

— Դու ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց կինը։

— Կարոտություն կա՞ հարցնելու...— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

Մանուշակը այնպես կպել էր դուռին, որ ամենայն սրտի զարկելը բացարձակվում էր դուռի վերա, այնպես, որ լավ նկատողը, դուռից կարող էր իմանալ նորա կուրծքի խռովության աստիճանը. նա սպասում էր վերջին րոպեին, որ պիտո է հայտներ նորան կամ ավետիք կամ բոթ։

— Իհարկե հրաժարվեցա՛ր, որովհետև խոսք ենք տված Մկրտչին տալ մեր Մանուշակը։

Քիչ մնաց որ Մանուշակը դուրս վազե ննջարանից և հայտնե հրապարակավ, թե ամենևին Մկրտչի կին դարձողը չէր. բայց Թյությունճի–Օղլուի պատասխանը ցրեց նորա կասկածները և երկյուղը, ինչպես սաստիկ մրրիկները մի րոպեի մեջ հալածում են ամպերի բազմությունը։

— Ամենևին ո՛չ,— պատասխանեց Թյությունճի–Օղլուն,— ես շատ ուրախութենով հոժարեցա և օրհնեցի այդ լինելու ամուսնությունը, և ահա՛ մատանին, որ ստացա պարոն Շահումյանցից, իբրև գրավական։

Այս ասելով հանեց մատանին և տվեց կնոջը։

Կինը, թեև զարմացավ մատանու բռիլլիանտի վերա, որ, քիչ, քիչ արժում էր երեք հարյուր մանեթ, բայց չգիտեմ ի՛նչ անձնասիրութենով ասաց.

— Ինչպես կարելի է այդպիսի բան. մինին խոսք տալ, մյուսին՝ հարսն։

Մանուշակը կարողություն չուներ այլևս լսելու, նա չգիտեր ինքն յուրյան, և վեր թռած մահճակալի վերա, թե ի՞նչ ջերմեռանդութենով համբուրում էր Աստվածածնի պատկերը. որ կախած էր նորա ննջարանի անկյունում մահճակալի վերա, չէ կարելի նկարագրել. արտասվում էր, փայփայում էր պատկերը և այնքան մոռացել էր ինքն յուրյան, որ չլսելով հոր երկու անգամ ձայն տայը, հարկադրեց յուր հորը ներս մտանել Մանուշակի ննջարանը. երբ դուռը բացվեց, այս ձայնը տպավորություն գործելով նորա ջլերի

232