Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ուխտ կատարած լինելով Բաքոսի տաճարում, հանդիպեցավ ինձ և մեղադրանք լսելով ինձանից յուր արբեցության մասին, այսպես խոսեց։

– Պարոն, դու գիտե՞ս, որ մարդը աշխարհի մյուս բոլոր արարածներից գերազանց է։

– Գիտեմ,– պատասխանեցի ես։

– Ուրեմն, ինչո՞ւ մեղադրում ես ինձ, եթե ես աշխատել եմ հարգի կացուցանել իմ մարդկությունը քան թե մի անբան արարած։

– Ես չեմ հասկանում քո ասածը։

– Մա՞րդն է գերազանց, թե փայտը,– հարց արեց նա։

– Այդ ի՛նչ տարակուսելի բան է։

– Տնաքանդ, եթե ճանաչում ես ճշմարտությունը, ապա է՞ր չես ընդունում։ Ես մարդ եմ, լավ նայիր իմ վերա, ես աստուծո պատկեր եմ, ես բանականություն ունիմ, և այս խոսքերիցս տեսանում ես ահա, որ ես շատ լավ ճանաչում եմ իմ արժանավորությունը աշխարհի արարածների մեջ։ Մի անշունչ էակ, մի տակառ, որ փայտից էր շինած, որ ո՛չ հոգի ուներ, ոչ աստուծո պատկեր էր, այդպիսի մի չնչին էակ, ասում եմ, տանում է յուր մեջ մինչև քառասուն վեդրո գինի. ես տեսանելով այս, կարո՞ղ եմ մինչև այն աստիճան անարգել իմ մարդկությունը, որ սառն աչքով նայեմ այդ բանի վերա, և հայհոյություն չէ՞ր իմ կողմից աստուծո շնորհին, որ տվել էր ինձ, մինչ մի բուռն հողից գոյացա, եթե չաշխատեի հավասարվիլ և գերազանցել այդ չնչին փայտից։ Մեզանից յուրաքանչյուրը պարտական է գետնի հետ չհավասարել յուր մարդկությունը, չանարգել աստուծո շունչը, որ փչել էր մեր վերա. մեք պարտական ենք իրավացուցանել արարիչը, հարգի կացուցանելով այն շնորհը, որի ընդունակ միմիայն մեզ էր ընտրել յուր բոլոր ձեռագործերից։ Մեք պարտական ենք, ոչ թե միայն հավասարվիլ տակառին, այլև անցանել նորանից... գինին երկնքի արքայության ցողն է. Նոյ նահապետը ջրհեղեղից հետո իսկույն գործ դրեց նորան.... ի՞նչ կառնուս գորտի նման ջուր խմելուց․ ջուրը աստուծո ձեռքին մի գործիք է, չարագործ մարդիկ պատուհասելու համար։ Ասածիս ապացույց քեզ ջրհեղեղը, ինչո՛վ ջնջեց աստված մարդկությունը, գինո՞վ, թե ջրով․․․․ Քրիստոս ինքը Կանա-Գալիլիայումը, հարսանիքի մեջ ջուրը գինի փոխեց, դու ինչե՞ր ես խոսում։

239