Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պանդխտության մեջ յուր կյանքը և հարստությանը կնքած մի անբաղդի գերեզման...

Այսպիսի մի մարդ, ո՛հ, ցավելի ճշմարտություն, հարգ ունի խաժամուժ ամբոխի աչքում, այսպիսի մի մարդ, որ փորը հաստացրել էր և ընչացքը սրել, համարձակվում է պատիվ ու հարգանք պահանջել մեզանից, որովհետև նա հարուստ էր, իսկ մեք ոչ, նա կառքերով էր ման գալիս, իսկ մեք ոտով: Հեռի՛ մեզանից, դու հանդուգն հիմար, կորի՛ր մեր աչքից, ստախոս և անպատիվ դու, մեք ճանաչում ենք քո խաբեբայությունը, քո արհեստը ընթացք չունի մեր մեջ: Ազգասե՞ր. ո՛րտեղից ո՛րտեղ. ինչո՞ւ փորասեր, արծաթասեր չես կոչում քեզ. ի՛նչ է, ականջիդ լա՞վ է եկել ազգասիրի անունը, դու առանց զրկանքի կամիս առաքինի՞ լինել. ի՞նչպես կարելի է այդ, մինչ առաքինությունը զրկանք է մի մարդու համար, որ առաքինություն էր գործում: Զրկանք հանձն առնո՞ւս. քա՛վ լիցի, դու երկու կոպեկով, ոչ միայն ազգասեր պատվանունը, այլև քո բոլոր ազգը և քո հոր ոսկերքը կը հանես գերեղմանից և կը վաճառես։

Եթե մեր ազգի մեջ կան և այսպիսի մտածության տեր մարդիկ, մարդիկ, որ կարող էին միանալով յուրյանը նման կարողության տեր պարոնների հետ օգնել ազգի ողորմելի և թշվառ դրությանը, բայց պարոն Շահբեգի ասածի պես բոլորովին մարմին դառնալով, պարարում են գիշեր ցերեկ յուրյանց փորը և այնուամենայնիվ համարվում են ազգասեր, ապա ուրեմն պարոն Մարկոսը մի խեղճ մարդ, արժանի է, որ միմիայն ազգին բարի ցանկացած լինելու պատճառով, համարվի ազգասեր։

Պարոն Մարկոսը հոգեկից բարեկամ էր պարոն Շաքարյանցին։ Նոքա երեխայութենից սկսած դրացի էին միմյանց, և համարյա թե միասին աճելով, եղբոր պես վարվում էին մինչև այժմ, թեպետ պարոն Շաքարյանցը ավելի հարուստ էր, քան թե պարոն Մարկոսը, որովհետև Շաքարյանցի հայրը թողել էր մի քանի անշարժ կալվածք, որոնց արդյունքով կառավարվում էր նա առանց գլխացավության։

Պարոն Շաքարյանցը, յուր բոլոր կյանքը 18 տարեկան հասակից բռնած մինչև այսօր (այժմ կը լինի նա 36 տարոք) անդադար պարապում էր զանազան դյութական գրքերով. ինչ հին, ձեռագիր ախտարք ասես, որ նա չունենար, ինչ մագաղաթի վերա գրած կարմիր ու կապույտ գրերով ուրբաթագիրք ասես, որ չունենար. նա դեռևս պարծենում է, թե վեցհազարյակ ևս ունի....

241

16—162