Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախոռից ներս վազելը և պարոն Մարկոսին տեսանելը։ Հավաստելու համար, թե այդպե՞ս էր արդյոք, կամեցավ հառաչ ուրանալ այն խորհրդով, որ եթե պարոն Մարկոսը ստուգապես տեսել էր ամենայն բան, ապա ինքն ևս խոստովանելու էր բոլորը. այս դիտմամբ կտրելով պարոն Մարկոսի խոսքը, ասաց.

— Եղբա՛յր, ինչե՞ր ես խոսում. ի՞նչ դև, ի՞նչ աղոթք, ի՞նչ բան. խելքդ գլխի՞դ է, թե ոչ։

— Իմ խելքս գլխիս է, բայց քոնը եկա՞վ թե չէ. մի ժամ հառաջ խելագարվել էիր ախոռից ներս վազելով, այնպես որ քեզ հանգստացնելուց հետո ստիպվեցա գնալ և հարցասիրել քո խելագարության պատճառը։ Ախոռը ներս մտա, տեսա մի մեծ շրջանագծի մեջ, մի սև կատու, որ լափում էր մի գլխատած սև հավի մարմին, տեսա մի ջրով լիք պտուկ. բայց ասա՛ խնդրեմ, մի՞թե Հուլիա Պոստրանայի պատկերը ևս անհրաժեշտ առարկա է դյութության մեջ, որ ջղջկի ոսկրի հետ միասին դրել էիր ջրով լիքը պտուկի մեջ....

— Մի՛թե դու մի բան տեսա՞ր,— կտրեց խոսքը պարոն Շաքարյանցը։

— Եղբայր, ևս կույր չեմ, և ինչ որ մարդկային աչքով կարելի է տեսանել, միշտ տեսնում եմ։ Ի՞նչպես չտեսա Պոստրանայի պատկերը, և դեռևս ներկով նկարած։

— Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ես այժմ հասկանում եմ,— ասելով զարկեց երկու ձեռքով ճակատին։ Ես խաբվել եմ... ափսո՛ս և հազար ափսո՛ս, այդ մի հիմարություն է եղել, երևի թե դրացուս կողմից, որովհետև նա նկարել գիտե... այո՛, նորա բանն է, անիծածը երեկ երեկոյան երևի լսել է իմ ձայնավոր խորհրդածությունը իմ հետ, և այդ բանը բերել է իմ գլուխը։ Փույթ չէ, դրացի, ես մի օր քո դրան առաջև ևս կը չոքեմ...

— Ասա՛, խնդրեմ, ի՛նչ խորհուրդ ունի այս բոլորը. ես ոչինչ բան չեմ հասկանում. և քո ընթացքը, ախոռի հանդերձանքը, այժմյան խոսակցությունդ, իմ համար, եգիպտական առեղծվածներից (հանելուկներից) անցան։

— Պարո՛ն Մարկոս, հոգիս, դու գիտես, որ ես քեզ հոգուս պես սիրում եմ և քեզանից երբեք մի բան ծածկած չեմ, ուրեմն լսիր և այս գաղտնիքս, որ ոչ ոք չգիտե, և առաջինը դու պիտո է լինիս, որ իմանաս։ Ես քո բարեկամության վերա երկբայություն չունիմ, ուստի և անկասկած կարող եմ հավատալ քեզ իմ գաղտնիքը, որովհետև ճակատագիրը այնպես է բերել, որ դու իմանայիր

247