Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հառաջ շատ սիրելի էին ինձ, այժմ դարձել էին իմ աչքում փսխողական փոշի. նոցա իմ մոտ ներս մտանելը ատելի էր ինձ, որովհետև ընդհատվում էր իմ մտածությունը. ես երջանիկ էի, մինչև անգամ, միմիայն երևակայելով այն հրեշտակային պատկերը։ Ահա այսպիսի հոգեմաշ հանգամանքների մեջ կորուսի բոլոր հոգեկան և մարմնական կարողությունքս, փոքր էր մնացել որ մահիճ ընկնեի։

— Անցյալները.... մի օր, քաղաքից դուրս գնացած լինելով, մի ծառաստանի մեջ ման գալու ժամանակ, հանկարծ, ծառերի քամակից տեսանում եմ այդ աղջիկը, որ կանգնած, կամենում է բռնել մի թիթեռնակ։ Ինձ թվեց, թե աչքիս է երևում.... շփում եմ ճակատս, սրբում եմ աչքերս, որպեսզի, եթե երևույթ է այդ, ապա արյունը երակներումս ընթացք ստանալով, անհետանա այդ երևույթը.... բայց ահա զարմանք.... աղջիկը նույն դրության մեջ,կանգնած ոտքի մատնեքի վերա և պարզած աջ ձեռքը, աշխատում է բռնել մի մեծ թիթեռնակ, որ նստած մի թուփի վերա, շարժում էր յուր պայծառ, ծաղկանկար թևերը։ Մի անգամ դարձյալ սրբում եմ աչքս.... և դարձյալ տեսանելով նորան վազում եմ դեպի նա.... բայց, ավա՜ղ.... աղջիկը, մի զարհուրալից երկյուղ ցույց տվող ձայն արձակելով, անհայտացավ ծառերի քամակում: Շատ որոնեցի նորան անտառի մեջք այնուամենայնիվ չկարողացա գտաներ: Այդ բանից հետո, սերը, առավել և առավել զորացավ իմ մեջ, որ հալումաշ արեց ինձ. թվում էր, թե մի վերք գոյացել էր սրտումս և ճարակում է սորան։ Քունը իսպառ փախավ աչքիցս. օրը ինձ տարի էր թվում, վերջապես, ղրկելով ամենայն բարեհաջող հույսերից, մտածեցի գործ դնել իմ գերմարդկային զորությունը.... Ես հառաջ ևս կարող էի այդ բանը առնել, բայց չէի կամենում, հուսալով, որ առանց դորան ևս կարող եմ մի բան իմանալ։ Քանի օր էր արդեն, որ վճռել էի կատարել մի մեծ վհկական արարողություն, բայց մնացել էր այդ իմ դիտավորությունը անկատար, չգտանելով մի բոլորովին սև հավ, որ անշուշտ հարկավոր էր. մյուս այլ բաները վաղուց պատրաստել էի։ Երեկ երեկոյան, սպասավորս գտել էր մի այդպիսի հավ, և այնպես ուրախ էի դորա վերա, որպես թե այդ հավի մեջ տեսանում էի այն գեղեցիկ օրիորդը, որ խելքս առել էր գլխիցս։ Ուրախ-ուրախ ման էի գալիս դրսումը ամբողջ գիշերը, լուսնի արծաթափայլ ճառագայթները խաղում էին տանս պատուհանի ապակիների հետ։

249