Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քար և տես թե քեզնից ոչ շատ հեռի նստած ճնճղուկը, ագռավը, կամ շունը կսպասեն, որ դու զարկեիր նորանց։ Եվ ինչ տեղից գիտենք, որ այդ անասունքը չեն խոսում միմյանց հետ յուրյանը լեզվով, մեր նոցա լեզուն չհասկանալուց կարելի՞ է եզրափակել նոցա անբանությունը, ոչ ապաքեն մեր խոսածը ևս նոցա համար այնպես անհասկանալի է, որպես նոցանը մեր համար։ Այդ փիլիսոփայությունքը և դիտությունքը խաբեբայությունք են։ Գոնե, իմ կարծիքով, վերին աստիճանի փիլիսոփայությունը այն է, որ մարդու փորը կուշտ լինի, ըմպելիքը առատ, օրը ուրախ, սիրական կինը կողքումը: Եթե, սորանից ավելի, կամ մի երջանկություն, ասա, ընդունեմ։

— Ինչ որ ճշմարիտ է, ճշմարիտ է. սիրելի Շաքարյանց, ուրեմն համաձայն ես ինձ, որ պիտո էր ընտրություն առնել հրավիրելի մարդերի մեջ։

— Ամենևին համաձայն եմ, և այդ պատճառով ևս խնդրել եմ քեզ իմ մոտ. արի՛ նստենք և կատարենք մեր գործը։

— Շատ բարի, բայց, ինչպես ասացի, այդ մարդերից շատերը անծանոթ են ինձ։ Արդյոք ավելի լավ չէ՞ր լինելու, եթե այդ խորհուրդը կատարեինք պարոն Մանթուխյանցի ներկայությամբ. նա դոցա բոլորին ճանաչում է, և բարեկամ լինելով մեզ, իհարկե ճշմարիտը կասե մեր օգտի համար։

— Հայտնի բան է, այդ լավ էր, բայց ցավը այս է, որ նա հազիվ թե ժամանակ ունենա, նորա պարապմունքը կը ներե՞ն արդյոք ժամանակ կորուսանել այս խորհրդակատարության վերա։

— Դա ի՛նչ մի երևելի գործ ունի, ի՛նչ մի արքունի պաշտոնի տեր է, որ չկարողանար բարեկամների համար մի քանի ժամ հետ դնել յուր պարապմունքը։

— Ճշմարի՛տ է, նորա բուն գործը մի երևելի բան չէ, ինչպես քեզ ևս հայտնի է, և նա այնպիսի մարդ է, որ ոչ թե մի քանի ժամ, այլև օրեր պատրաստ էր զոհ բերել յուր բարեկամներին. բայց ի՛նչ առնես, այս րոպեին նա այնպիսի դրության մեջ է, որ ժամանակը շատ թանկ արժե նորան։ Ես քեզանից գաղտնիք չունիմ,— ավելացրեց պարոն Շաքարյանցը, բարեկամաբար զարկելով պարոն Մարկոսի ուսին,— և հույս ունիմ, որ դու այնքան խորհրդապահ կը լինիս, որ ոչ ոքի չասես այն գաղտնիքը, եթե երդում տալով հավատայի քեզ։

255