Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և պատշաճին, փիլիսոփայություն է, որ առնում են և այդ կերպով գլխացավություն պատճառելով ներկա գտանված մարդերին, արդեն հերիք պատճառ են դառնում, որ նոցա հոգին ուրախութենից դեպի տրտմություն փոխադրվի։ Եվ ճշմարիտը պիտո է ասել, ուրախության մեջ ի՛նչ հարկավոր են ուսումնական խոսակցությունք. մարդը ուրախանալու ժամանակ, պիտի մոռանա յուր անձը, յուր որպիսությունը, յուր շրջակայքը և հանգամանքները, որ ուրախությունը համ տա նորա բերանին։ Խոսքը մեր մեջ մնա, մարդը այդպիսի ժամանակ պիտի մի փոքր անասնանա... կարծեմ, դու ևս ընդդեմ չես այս իմ կարծիքին։

— Քո ասածը զուտ ճշմարտություն է, ի՛նչպես կարելի է ընդդիմանալ նորան, ամենայն ժամանակ ուսումնականություն հա ուսումնականություն անտանելի է, մարդու գլուխ կը ճաքեցնե. մյուս կողմից, ի՛նչ մի մեծ վնաս է, եթե մարդը երբեմն-երբեմն անասնանա նույնպես. հավատա՛ ինձ, անասունի կյանքը մեր կյանքից շատ վատ չէ աշխարհի երեսին։

— Դու ևս ճշմարիտ ես խոսում։

— Բացի դորանից, մարդը ինչո՛վ է զանազանվում անասուններից և ի՛նչ բանով գերազանց է քան թե անասունքը, մի՞թե նորանով, որ խելոքները և ուսումնականքը գոռում են, թե մարդը բանականություն ունի, թե նա մի բարոյական էակ է և այլն և այլն. ամենևին ոչ։ Մարդու զանազանությունը և գերազանցությունը անասուններից այն է, որ անասունը խմում է այն ժամանակ միայն, երբ ծարավի էր, իսկ մարդը և ծարավի չլինելով կարող է բաժակներ դատարկել։ Անասունը խմում է միայն լոկ ջուր, իսկ մարդը, ցույց տալով յուր մեծությունը և անասուններից գերազանցությունը, խմում է ոգիավոր հեղանյութք, երբեմն 30° և երբեմն ավելի բարձր աստիճանի։ Արի՛, ճշմարիտը խոստովանենք, պարոն Մարկոս, մի՞թե մարդը ևս մի տեսակ անասուն չէ. բայց մեր թշնամիքը, այն ուսումնական անվանված հիմարքը, պիտի ասեն, թե մարդը բանական հոգի ունի, մարդը խոսում է և այլն։ Նախ, ո՛վ է տեսել այդ հոգին, մարդու վիզը որ կտրես, ո՞չ ապաքեն այնպես մեռանում է, ինչպես այն սև հավը, որ տեսար ախոռումս. երկուքի ևս մեռելությունը միևնույն է, երկու դիպվածում ևս մահ. և ո՜չ ոք մինչև այժմ չէ տեսել, մարդու մեռանելու ժամանակ նորա հոգու դուրս գնալը մարմնի միջից։ Երկրորդ, մի՞թե անասունքը բան չեն հասկանում, ապա, թե մարդ ես, վեր ա՛ռ գետնիցը մի

254