Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգային կարծիքը ասում էր, թե Ալբերտոսը ունի մի գերբնական գործակից, որ օգնում էր նորան աշխատության մեջ, այլև հաղթելու այն բոլոր դժվարութեններին, որոնց հանդիպում էր նա։ Ալբերտոսը մի անգամ ճաշի խնդրեց յուր մոտ մի հոլլանդացի կոմս։ Յուր երևելի հյուրը ավելի պատվասիրելու համար հրամայեց նա սեղան դնել այգում. եղանակը ձմեռն էր։ Հայտնի բան է, որ կոմսը և նորա մարդիկը զարմացան ալքիմիկոսի այս գործողության վերա, ըստ որում գետնի երեսին ընկած էր մի քանի ոտնաչափ ձյուն։ Բայց Ալբերտոսը սեղան նստած չնստած անհայտացավ ձյունը, մի ախորժ ջերմություն փոխանակեց անհամբույր ցուրտը. ծառերը զգեցան կանաչ, ծաղիկները անուշահոտությամբ լցուցին օդը, և անհամար բազմություն ուրախ թռչունները սկսեցին զրուցել կանաչ ճյուղերի վերա։ Այս զմայլանքը շարունակվեցավ ամբողջ ճաշի ժամանակ. բայց գինու վերջին բաժակը խմելով, իսկույն անհետացավ ամառը, և ցուրտը դարձյալ փլեց յուր բոլոր առաջին խստությամբ։

Երկար ժամանակ, բացի Բենեդիկտյան կարգի Բասիլիոս Վալենտին աբեղայից, որ Գերմանիայի էրֆուրդ քաղաքում ծնած էր 1394-ին չերևեցավ մի օրինավոր ալքիմիկոս, թեև շատ կային աննշան մարդիկ, որ պարապում էին այդ գիտությամբ։ Այս մարդերից մինը, հատկապես Հովհան դը Մեոն (Jean de Meun) վարդի պատմության հեղինակը, մի քանի ոտանավորների մեջ ցույց էր տվել փիլիսոփայական քարի գաղտնիքը, առանց հայտնելու շահաստացության ցանկություն։ Պիտք է նույնպես հիշել այստեղ և Նիկոլայոս Ֆլամելը, որ շատ խոսքերի պատճառ է եղել յուր կյանքի մասին։ Ազգը ասում էր, թե նա գտանելով փիլիսոփայական քարը, տեր էր դարձել անհամար հարստության, որոնց մի մասը գործ է դրել տներ և մինչև անգամ եկեղեցիք շինելու համար, և մեռած ձևանալով, յուր կնոջ հետ միասին, գնացել է մի հեռավոր աշխարհ և անմահանալով այնտեղ թագավորում էր անսպառելի գանձերի վերա։

1527 թվականը մի մեծ տարեգլուխ է ալքիմիայի համար: Առաջին ամբիոնը դասախոսության հիմնվեցավ Բազըլ քաղաքում և Թեոֆրաստ Պարացելսոսը հրավիրվեցավ ունել այդ ամբիոնը: Այս գերօրինակ մարդը ծնած է 1493 թվականին Ցյուրիխ քաղաքի մոտ։ Նորա հայրը, որպես բժիշկ ուսուց նորան ֆիզիկա և խիրուրգիա, բայց ալքիմիան սիրական գիտությունն էր երիտասարդ

260