Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատությունքը կարդալով չէ կարելի չզարմանալ հեղինակի բազմահայաց գիտության վերա, հայտնի բան է հաշվի տակ ձգելով նորա գարու անկրթությունը և տգիտությունը, որի մեջ երևել է Բեքոնը։ նորա Opus majus[1] գործը հաստատում է մեզ, թե մի քանի ալքիմիկոսք կարող են ոսկի շինել և գտել են այն դեղը, որի օգնությամբ կարելի է քանի հարյուր տարիներ ապրել։ Ֆրանսիսկյան կարգի աբեղայքը, նորա նախանձոտ եղբայրակիցքը, դատապարտեցին նորան որպես կախարդ, երևի թե պղնձյա գլխի համար, որ խոսում էր և համարում էր ոչինչ պակաս, քան թե կարող էր մարդը, և խեղճ Րոճեր Բեքոնը յուր դավաճան կարգակիցների ձեռքով ձգվեցավ բանդի մեջ։

Այդ միջոցին ալքիմիայի ասպարիզում փայլում էր մի այլ նշանավոր մարդ, ոչինչ պակաս յուր գիտությամբ քան թե Բեքոնը։ Սա էր Ալբերտոս Բոլստետյանը, կամ Ալբերտոս Մեծը, որ համբաված էր որպես երևելի կախարդ և ծնած է Շվաբիում, 1205 թվականին։ Նա մտավ Դոմինիկյան կրոնավորների կարգը Քյոլն քաղաքում և վերջապես դարձավ Րեգենսբուրգի եպիսկոպոս։ Սա ևս Բեքոնի նման աշխատում էր այն ամենայն ուսման և գիտության մեջ, որ վերաբերվում էին մարդուն, magnus in magia, major in philosophia, maximus in theologia[2]: Շատ են այս մարդու աշխատությունքը, բայց ալքիմիայի մասին երկու։ Առաջինը անվանվում է De Alchymia[3]. այստեղ կարգում է քիմիական նյութերի մանրամասնությունքը, որ հայտնի էին յուր ժամանակին, նկարագրում է անոթները, որ գործածության մեջ էին այն միջոցներում, և զանազան փորձեր և նկատողությունք, որ հաջողել էր նորան կատարել։ Երկրորդի առարկան են հանքերը, որ ցույց են տալիս հեղինակի հասուն գիտությունը քարերի, մետալների և աղերի որպիսութեններին: Ալբերտոսը վարժապետ էր Թովմաս Ակվինացու, որ նույնպես թողել է մի աշխատություն ալքիմիայի մասին. բայց այդ աշխատությունը, նորա բոլոր մյուս աշխատութենների նման, պատած է ծածկախոսության մառախուղով։ Այս աստվաձաբանի աշխատութենների մեջ առաջին անգամ տեսանում ենք աստեղահմայության և ալքիմիայի զուգակցությունը ։

259
  1. Մեծ աշխատություն (լատ.):
  2. Մեծ՝ կախարդության մեջ, ավելի մեծ՝ փիլիսոփայության մեջ, ամենամեծ՝ աստվածաբանության մեջ (լատ.):
  3. Ալքիմիայի մասին (լատ.):