մեջ, կամ մյուս հասարակ մետալների մեջ. հասկանալով այս բանը, մյուս մետալների բաղադրական մասները հավասարելով ոսկու բաղադրական մասներին, անտարակույս անագը, պղինձը, երկաթը և մյուսերը փոխարկվելու էին դեպի ոսկի։ Այս փորձերի մեջ ներգործողքը էին զանազան աղեր, պաղլեղ, արջասպ, ապակի, բուռա, քացախ և կրակ։
Ջեբերի ժամանակից սկսած մինչև երկու հարյուր տարի հետո, ալքիմիան, անդադար մշակվելով, փոխեց յուր տեսությունը և դարձավ այսպես. որովհետև ոսկու բաղկացուցիչ մասները շատ կամ սակավ գտանվում են մյուս բոլոր մետալների մեջ, և որովհետև սաստիկ խառնված լինելով պահանջում են մի ամենազուտ մաքրողություն, այդ պատճառով կրակը է մի մեծ ներգործող, որի կարողությունը անսահման է։ Ոչինչ չէ հառաջանում առանց նորան. իսկ նորանով ամենայն բան կարելի է։
Կրակի օգնությամբ, հանքերը հողային վիճակից հեշտությամբ կարող են հեղափոխվիլ դեպի մետալ, իսկ կերպարանափոխությունը, որ գործվում է նոցա մեջ կրակի ազգեցութենից, է մի ապացույց, թե այդ մետալները կարող են առավել ևս կատարելագործվիլ: Ալքիմիկոսք կարծում են, թե կրակի միջնորդությամբ, ամենախոշոր մետալները կարելի է հեղափոխել դեպի լավ, այսինքն դեպի ոսկի։
Այս համառոտ ծանոթաբանությունը քաղված է վերոհիշյալ գրչագրից այն դիտավորությամբ, որ չհասկացող մարդիկ ծաղր չառնեն մեր գիտությունը։
— Մե՛ծ աստված,— բացագանչեց պարոն Մարկոսը, ավարտելով
թղթի կարդալը,— այս ի՛նչ բաներ են.... և զխորհուրդս քո ո՛ գիտաց... որպես զի մեծ են գործք քո, տէր....
— Ապա, պարոն Մարկոս, այսպիսի բաներ կան աշխարհի երեսին:
— Բայց, ասացե՛ք խնդրեմ,— շարունակեց պարոն Մարկոսը,— եթե Մանթուխյանցը այդպես սաստիկ պարապած է, ասել է, թե նա խնջույքում ևս չէ կարող գտանվիլ։
— Ինչո՛ւ համար. ես հույս ունիմ, որ նա մինչև էգուց բանը ավարտած կը լինի։ Երեկի երեկոյին եկել էր իմ մոտ, որ ածուխ գնելու համար կես մանեթ արծաթ խնդրե։ Այդ միջոցին ասաց ինձ, թե փոքր է մնացել նպատակին հասանելու համար, որովհետև