արդեն յոթանասուն հինգ փորձ կատարել է, իրյար հետ միավորելով զանազան մետալներ, զանազան չափերով. բոլոր փորձերը բաղկանում են յոթանասուն և յոթն փորձից, ուրեմն մնացել են երկու փորձք, որ անտարակույս կը կատարե այսօր, կամ էգուց առավոտ և կը վերջացնե բանը։ Դժվարը յոթանասուն հինգ փորձն էր, որ կատարել է, երկու փորձը ի՛նչ բան է նորա համար։
— Ինչու համար քեզանից խնդրում էր կես մանեթ ածուխ գնելու համար, մի՛թե ինքը չունի՞ այդչափ կարողություն,— հարց արեց պարոն Մարկոսը։
— Նա մոտ երկու հազար մանեթ արծաթ ուներ, բայց այդ բոլորը զոհեց ալքիմիային զանազան նյութեր գնելով։ Այս վերջին երեք ամսումը զանազան ժամանակ ինձանից է ստանում հարկավոր արծաթը. ես արդեն տվել եմ նորան մոտ իբր երեք հարյուր մանեթ. երեք հազար ևս կը հավատամ, ի՛նչ բան է այդ, մանավանդ այնպիսի մարդու համար, որ այսօր էգուց դառնալու էր աշխարհի հարստության տեր։
— Ես տեսանում եմ, որ դու մի ընկերության նման բան ունիս նորա հետ. աստված տա, աստված տա, ես ուրախ եմ, հարստացիր, եղբայր, և դու, քո նման մարդը, խելացի, հասուն դատողությամք, անպակաս լինի մեր ազգից.... բայց թե գլուխ գա ձեր բանը, չասե՞ս, մի նոր խնջույք այլևս կը կատարենք։
— Ի՛նչ մին, ի՛նչ տասը... խելոք, ես քո համար շամպայնից վաննա (բաղանիս) կը շինեմ, որ լվացվիս. այն ժամանակ ի՛նչ բան է մեր համար արծաթը։ Նորան այն ժամանակ ծանր է դուրս տալ գրպանից, եթե ճարել ես ճակատիդ դառն քրտինքով, եթե նորան հավաքելու համար կոտրել ես մեջքիդ օղը. բայց եթե ունեիր մի գիտություն, որ հրամայում էր պղնձին կամ երկաթին ոսկի փոխվիլ, և անշունչ մետալը հնազանդվում էր քո իշխանական հրամանին, այն ժամանակ ի՛նչ հարգ ոսկուն կամ արծաթին։ Թո՛ղ ուրիշները որոնեն նորան Ուրալյան սարերում, Բրազիլիայի և Կալիֆորնիայի մեջ, մեք Մանթուխյանցի քուրայից կստանանք նորան,— պատասխանեց պարոն Շաքարյանցը ինքնաբավական կերպով։
Այս խոսքերից հետո, լցրեց նա ծխամանը թաբաքով: Պարոն Մարկոսը ևս, հետևելով պարոն Շաքարյանցի օրինակին, սկսեց ծխել թուրքի թաբաքը և, արձակելով ծուխի օղեր, որ շատ հաջողակությամբ բաց էր թողնում բերանից, թվում էր, թե ընկնում է մտածողության
264