Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Չե՞ք հրավիրելու այն մարդուն, որ նոր եկել է այստեղ և որ ամենուրեք գտանվում է, ինչպես է նորա անունը....

— Ո՛ր մարդը,— կրկնեցին բարեկամքը միաբերան: — Սատանայական մոռացել եմ....ա՛հ....այնպես է, այնպես, Կոմս էմմանուել....

— Որ սիրուն քո՞ւյր ունի,— ասաց պարոն Մարկոսը։

Շաքարյանցը աչքերը չորս բացեց սիրուն քվեր անուն լսածի պես։

— Այն նորա քույրը չէ,— շարունակեց Մանթուխյանցը,— եթե այն օրիորդի համար եք ասում, որ միշտ պատահում է նորա տնում, բայց այսքան պիտի իմանալ, որ շատ օրիորդք մուտ և ել ունին նորա տան մեջ, և այդ օրիորդքը թատրոնախաղ աղջիկներ են մեծ մասնով։

Պարոն Մարկոսը, որ, ինչպես հայտնի է ընթերցողին մի փոքր հառաջ խոսք էր տվել պարոն Շաքարյանցին, ոչինչ հարցուխնդիր անտես չառնել, ամենայն կերպ հնար գործ դնել նորա սիրական օրիորդը որոնելու համար, մեծ ախորժանքով լսեց թատրոնական աղջիկների Կոմս էմմանուելի մոտ երթևեկություն ունենալու պատմությունը։ Նա, ինչպես համարում էր ինքը յուրյան, որպես բարակ քաղաքագետ մտքումը դրեց անպատճառ ծանոթանալ Կոմսի հետ, որպեսզի հետո կարողանա նորա միջնորդությամբ ծանոթանալ և թատրոնական աղջիկների հետ։

— Եթե արժան է, հրավիրենք նորան ևս,— հավելացրեց պարոն Շաքարյանցը,— ես ծանոթ չլինելով, չէի նշանակել։

— Կհրավիրես, ծանոթ կլինի կերթա,— իսկույն պատասխանեց պարոն Մարկոսը։

— Ինչ բաներ եք խոսում. ես շատ ուրախ եմ, որ չկա նորա անունը, և եթե դուք հրավիրելու միտք ունենայիք, ես անտարակույս պիտի խորհուրդ տայի ձեզ հրաժարվի այդ մտքից,—ասաց Մանթուխյանցը։

— Ինչո՛ւ համար, եթե ամենեքյան հրավիրում են նորան.— խոսեց Շաքարյանցը։

— Նորա համար...— պատասխանեց Մանթուխյանցը,— նորա համար... մի խոսքով նորա համար, որ նա մի անտանելի մարդ է։

— Ինչո՜վ,— հարց արեցին բարեկամքը։

267