Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամենայն բանով․․․ նա խելագար է․․․ վկա՛ է աստված, խելագար է։ Հավատացեք ինձ, մի մարդ չկա, որին հավաներ այդ պարոնը․ նորա աչքումը ամենեքյան հիմար են, ամենեքյան օբսկուրանտ, ամենեքյան եզվիտ․․․ ի՛նչ ասել է, աստված միմիայն Կոմս էմմանուելին է խելացի ստեղծել։ Շատ բարի, թեև այդպես չէ, բայց ասենք, թե խելացի է մի փոքր բայց բնակվելով անխելների և տգետների հետ, ո՞չ ապաքեն պարտական էր գո՛նե պատշաճի ընդդեմ չներգործելով, ինքը ևս անխելանալ և հիմարանալ։ Առածը ասում է, եթե մի քաղաքում բնակվող մարդիկը միականի են, դու ևս, մտանելով այդ քաղաքը, պարտակա՛ն ես մի աչքդ հանել, որ հավասարվիս ուրիշներին։ Բայց Կոմս էմմանուել ասած մարդդ այնպես չէ, ամբողջ քաղաքի, ամբողջ ազգի սովորութեններին և հասկացողությանը ընդդեմ պատերազմ է բացում․ չէ խնայում ոչ ոքին, ամենի ճակատին զարկում է, ասացեք այժմ, խելացի՞ մարդու գործ է այդ։ Խելացի մարդը հարգում է ուրիշները և եթե մի բարձրաստիճան կամ հարուստ մարդ, որ հարգելի էր հասարակության աչքում ասե թե այսօր ամսի քառասուն և հինգն է, նա պիտո է համաձայնի․ ո՛վ չգիտե, որ ամսի քառասուն և հինգը չէ կարող լինել, բայց մեջտեղում քաղաքավարություն կա․ մեր կարծիքով, այսպես պարտական է ներգործել խելացի մարդը։ Կոմս էմմանուելը ո՜չ թե չէ ընթանում այսպես, այլ յուր տարապայման համարձակախոսությամբ ազգի պակասութենների վերա, կամ ազգին հարգելի մարդերի վերա, թեև վաղուց մեռած էին նոքա, զզվեցուցել է ժողովուրդը այնպես, որ ոչ ոք չկամի լսել նորա խոսակցությունը։ Չէ, եղբայր, նա մեր ընկեր մարդ չէ, հեռի մնանք այդպիսիներից, որոնք մարդ խայտառակելը շինել են յուրյանց կյանքի և գոյության խորհուրդ։

Այս խոսքերը սաստիկ տպավորություն գործեցին պարոն Մարկոսի վերա և, վշտացնելով նորա անձնասիրությունը, որովհետև նորան ևս հավանելու չէր Կոմս էմմանուելը, թշնամական ուղղություն տվեցին դեպի սա։ Զարմանք բան է, շատ անգամ պատահում է, որ մեզանից յուրաքանչյուրը ստանում է շատ անծանոթ և անտես թշնամիք․ ես ոչինչ վնաս հասուցած չեմ Մարկոսին, բայց Կիրակոսը անգործութենից ստիպվելով և իմ անձնավորությունը յուր դատարկաբանության համար նյութ շինելով, կամ, ավելի լավ ասել, կերակուր տալով բամբասանքի և նախանձու օձին, որ վաղուց նստել է նորա փորի մեջ, վատաբանում է ինձ։ Մարկոսը, որ

268