Մի օտարոտի տեսարան էր։ Շաքարյանցը ամենևին ոչինչ տեղեկություն չուներ այս տարօրինակ ուրախության մասին, որ այսպես բարբարոսաբար դուրս էր երևում Մանթուխյանցից, այս պատճառով, ամենայն սառնությամբ հանձն էր առնում Մանթուխյանցի կոպիտ քնքշությունքը։ Դորա փոխանակ, Մանթուխյանցը հասած լինելով վերջապես յուր այսքան տարիներով հղացած ցանկությանը, խելքը թռցնում էր ուրախութենից։ Երկու բարեկամքը ևս բավական Ժամանակ մնացին առանց խոսելու։ Այդ միջոցին, նոցա միտք հասկացնող միջնորդը չէր աստվածեղեն խոսքը և բանականությունը, այլ մի տեսակ կատաղի ցնցողական շարժողություն։ Եթե մի օտար մարդ նկատեր հեռվից այս տեսարանը, անտարակույս, կարծելու էր թե մարդիկ չէին սոքա, այլ վայրենի արջեր, որ թավալվում էին սոֆայի վերա, թեպետ մինը նոցանից կարծում էր յուր անձը երևելի դյութ (чародей, կախարդ) իսկ մյուսը երևելի ալքիմիկոս։
Երբ բավական զորություն գործ դնելով երկուքը ևս ուժաթափվեցան, Մանթուխյանցը, ուրախական արտասուք աչքերում և հեկեկանքից ընդհատված ձայնով աղաղակեց.
— Ոսկին ծոցումս է...
Շաքարյանցի ականջին շատ քաղցր եկավ ոսկու ձայնը, վասն որո վերջին անգամ համբուրելով Մանթուխյանցի երեսը, շնորհավորեց նորա հառաջադիմությունը, որ յուրյանց պայմանի զորությամբ պիտի մեծ ազդեցություն ունենար և Շաքարյանցի կյանքի վերա։
Երկու բարեկամքը ևս մի փոքր հանդարտելով նստան աթոռների վերա, Շաքարյանցը լցրեց արաղը բաժակների մեջ։ Մեծ սիրով բաժակները միմյանց զարկելուց հետո խմեցին։ Բայց Մանթուխյանցը արաղի վերջին ումպը կուլ չտված, սկսեց պատմել, թե ինչ կերպով վերջապես հաջողել էր յուր խորհրդական խառնուրդից ստանալ անարատ ոսկի։
— Վերջին փորձն էր մնացել,— ասաց Մանթուխյանցը, մի կտոր հաց բերանը դնելով,— և ճշմարիտը պիտո է ասել, փոքր մնաց, որ մեղանչեի այս սուրբ գիտության ընդդեմ. յոթանասուն վեց զուր փորձերր դղրդել էին իմ հույսի և հավատի հաստատությունը, և այդ վերջին փորձը եթե զուր գնար նույնպես, պիտո է գլորեր ինձ հուսահատության ծովը։ Բայց աստված ողորմեցավ երեսիս ջրին։ Վառեցի կրակը, շարեցի քուրայի մեջ զանազան մետալներով
274