է ընդունել մի գերբնական բանի տեղ։ Ի՛նչ կասեն այժմ Աֆրիկայի կամ Ամերիկայի վայրենիքը, եթե տեսանեն, որ շոգեշարժ կառքը առանց մի գրաստի կամ թե մարդու օգնության, որ մինչև այժմ ճանաչել էին աղբյուր հառաջ շարժողության մի տեղից դեպի մի այլ տեղ, վազում է անհավատալի արագությամբ մի օրվա մեջ կատարելով հարյուրավոր մղոններ, կամ թե տեսանեն, որ մի աշխարհից դեպի մյուսը խոսում են երկու րոպեում, էլեքտրամագնիտական հեռագրով։ Եթե մի խաբեբա մարդ կամենար օգուտ քաղել այդ ազգերի կորրութենից, հրաշքի տեղ չէ պիտո կարողանար ընդունել տալ այս բաները, որ կատարվում էին բնության օրենքներով։
— Ի՛նչ անզգամ մարդ է դա, ի՛նչ չար լեզու ունի. աստված ազատե,— ասաց Շաքարյանցը:
— Ո՛ր անզգամը խելացնոր չէ. եթե մի մարդ նորա ասածներին նայելու լինի, անտարակույս տարու մեջ տասն անգամ զատիկ կը կատարե: Իմ կարծիքը այս է, որ ինչքան կարելի է պիտո է հեռի մնալ դորանից. բայց այս մի լոկ կարծիք է իմ կողմից, դուք ազատ եք տնօրինել ինչպես կամիք,— պատասխանեց Մանթուխյանցը։
Պարոն Շաքարյանցը, որպես տանուտեր, նախագահ հանդիսացավ խորհրդածու ընկերության և բոլորովին բացասաբար վճռեց, որ Կոմս էմմանուելը, այդ հասարակաց խաղաղության վրդովիչը, չհրավիրվի, այլ միայն մնացած մյուսերով, որ գրված էին ցուցակի մեջ, կատարվի յուրյանց խնջույքը։
Պարոն Մարկոսը խնդրեց հատկացնել խնջույքի օրը. նորան պատասխանեց Շաքարյանցը, թե լինելու է մայիսի 20-ին։
Պարոն Մարկոսը, մնաս բարյալ ասելով, դուրս գնաց Շաքարյանցի տանից, թողնելով այնտեղ երկու բարեկամքը:
Պարոն Մարկոսը դուրս եկած չեկած Շաքարյանցի տանից, Մանթուխյանցը, որ մինչև այս րոպես մեծ բռնություն գործ դնելով՝ յուր վերա, վարագուրել էր յուր ուրախությունը, վեր թռավ տեղից, և երկու ձեռքով փաթաթվելով Շաքարյանցի վզին, փոքր մնաց, որ յուր ասիացի քնքշությամբ խեղդեր սորան:
18-162