Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոսկին, որ առաջին անգամ այդքան փոքր շինեցիր, երկրորդ անգամը շատ պիտի շինես, այնպես չ՞է ։

— Անտարակույս. այս մի փորձ էր, և ես հավաստի չլինելով հաջողության մասին, խնայաբար գործ էի դնում միշտ նյութերը, որ թեև թեթևագին բաներ են, այնուամենայնիվ իմ պես մարդու համար, ինչպես էի մինչև ներկա րոպես, այդ փոքրը ևս բան արժեր։ Ձեզ քաջ հայտնի է, որ քանի-քանի անգամ չնչին արծաթներ խնդրած եմ քեզանից ածուխ գնելու համար։ Այժմ որ աստված ամենակարողը հաջողություն տվեց ինձ, ես պատրաստություն կը տեսանեմ դեռ հառաջ մի փուդ պատրաստելու. հետո դարձյալ կը շատացնեմ, այժմ չէ կարելի, ըստ որում անոթներս փոքր են, հարկավոր է անոթներ և գործիք բերել տալ օտար աշխարհներից։

— Շատ լավ, եթե մի-մի փուդ ևս պատրաստելու լինիս, այնուամենայնիվ կարճ միջոցում մեծ հարստություն կարելի է դիզել։

— Երկբայություն չունիմ այդ մասին։

— Այդքան հարստության տեր դառնալուց հետո, ասելիքս այս էր, թե ի՛նչ պիտո է առնենք ազգի համար։

— Ուրեմն քո առաջարկած մտածելի բաները ազգի՞ն են վերաբերվում ։

— Այո։

— Այդ ուրիշ բան է. ես այդ խնդրի մասին պատրաստ եմ օրերով խոսել, սիրական Շաքարյանց, և բացահայտ կերպով հասկացնել քեզ իմ տեսությունս, թե ի՛նչ էր մի հայի պարտականությունը, յուր ազգի առաջև։

— Դու մի գիտուն մարդ ես, մի գուցե սկսանես այժմ խոր փիլիսոփայություններ, իմ գլուխս դուրս չէ գալիս այդպիսի բաներից հասարակ կերպով հասկացրու ինձ և հայտնիր քո դիտավորությունը։ Իմ կարծիքը այս է, որ շատ ոսկի շինելուց հետո, վաճառենք նորան և գոյացնենք մի մեծ արծաթագլուխ, որ և դնելով մի շահավետ գանձարանի մեջ, կարողանանք մի հոյակապ դպրոց բանալ և այդ գումարի տարեկան շահովը կրթել ազգի խեղճ ողորմելի զավակները, որոնց մասին այսքան աղաղակում են օրագիրքը և հեղինակները։

— Ի սեր աստուծո ձեռք վեր առեք այդպիսի խորհրդից. եթե կամի, որ պատճառ լինինք ազգի կործանությանը, ապա բանանք այդ դպրոցը։

277