Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ի՛նչ ես խոսում։

— Ի՛նչ պիտի խոսեմ. ո՛ր դպրոցի աշակերտը տեսար, որ ազգը սիրեր ու նորա օգուտը պաշտեր։ Ամենայն ոք, որ փոքր ի շատե ուսումն է ստանում, մոռանում է յուր ազգը, յուր հավատն ու օրենքը, ո՜չ պահք է իմ անում, ո՜չ մատաղը, ո՜չ քավություն, ո՜չ թողություն։ Եթե մի փոքր մեղադրես այդպիսուն նորա սխալների պատճառով, կը տեսանես ահա, որ հիմար ֆանատիկոս անունը կը բևեռե ճակատիդ։ Մեր ազգը ինչպես որ Լուսավորչից (մատաղ գնամ նորա զորությանը) ստացել է յուր կրոնը, ինչպես պաշտում է Լուսավորչի լույս հավատը, պետք է աշխատենք, որ այդ հավատը ամուր և անխախտ պահպանվի, մեզ հարկավոր է ոչ թե հավատի թշնամիք հավելացնել, այլ հավատի պաշտպանք և պատսպարողք։ Վարժատուն ասած բանդ, ճշմարիտ է, ուսուցանում է մարդու զանազան լեզուք, զանազան արտաքին գիտությունք, բայց եթե առողջ բանականությամբ քննենք, այդ բոլորը հոգու փրկության պատճառ չէ կարող լինել, այլ մանավանդ կորստի: Ինչ ունինք, սիրելի, այս աշխարհիս մեջ, ինչ պիտի տանենք այստեղից. մի չոր հոգի ունինք, պետք է աշխատել, որ դժոխքի բաժին չլինի մեր խեղճ հոգին։ Ուսում ստացողը նույնպես պիտի մեռանի՞ թե ոչ, ուսում ստացողի կյանքը նույնքա՞ն է որքան տգետինը թե ոչ. ուրեմն ի՛նչ գործնական օգուտ ունի հոգին ուսումից. ո՜ր սուրբերը ուսյալ էին։ Մարգարեքը հովիվ չէ՞ին, առաքյալքը ձկնորսք չէի՞ն։ Աստված, ողորմիր ինձ ասել չուսանողը, այլ, դորա փոխանակ, աստված, ես քեզ ողորմիմ ասողը չէ՞ր, որ ծովի վերա ոտքով վազեց դեպի նավը, որով աստված, ողորմի՛ր ինձ աղոթքը ուսուցանող վարդապետը գնում էր։ Եվ այս վարդապետը չէ՞ր, որ տեսանելով այն ռամիկ մարդու սրբությունը, որով, անտարակույս, որպես ցամաքի վերա ման էր գալիս նա, ասաց թե քեզ ոչինչ ավելի հարկավոր չէ, երանի՜ թե ես ևս քո պես անգետ լինեի, բայց քո աղոթքի պես իմ աղոթքը ևս արժանընդունակ լիներ։ Մեր գլխավոր պարտականությունն է, եկեղեցիք շինել եղած եկեղեցիների պատկերները արծաթապատել, քառասնիցը անպակաս առնել, ննջեցյալների գերեզմանը օրհնել տալ, մատաղը չմոռանալ և պահքը պահել. եթե սորանից ավելի կամենանք, ընդունելի և աստվածահաճո բաներ դեռևս շատ կան, ջրհոր փորել, տանը մնացած աղջիկ լույս ու արև հանել, տոնի, զատկի աղքատներին հանդերձ բաժանել։ Անտարակույս այս բոլորը կառնենք մեք քո


278