Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգու փրկության մասին մտածելուց ավելի ուրիշ պարտականություն չունինք, իսկ ազգի բաները, եկեղեցու բաները թող հոգան, փառք աստուծո, կաթողիկոս ունինք, Լուսավորիչ հաջորդը, պատրիարգներ, առաջնորդներ. վանքերը լի են վարդապետներով, թող նոքա մտածեն այդ բաները, և մտածել են և մտածում են ևս։ Դու ի՛նչ ես կարծում եթե նոքա չլինեին, մեր լույս հավատը կը պահպանվեիր մինչև այժմ. աստված կյանք տա մեր հոգևորներին, աստված նոցա շուքը մեր վերայից անպակաս առնե։

Այսպես էր Մանթուխյանցի քարոզը, որ կարդաց Շաքարյանցի գլխին։ Շաքարյանցը մի գիտնական մարդու տեղ դրած լինելով Մանթուխյանցին, իսկույն հնազանդեցավ նորա ասածներին, մանավանդ ինքը պարապելով դյութական բաներով, մի փոքր երկյուղ ևս ուներ, որ մի գուցե աստված բարկանա յուր վրա, ուստի և հոժարակամ ընդունեց այն բոլոր առաջարկությունքը, որոնց խորհուրդը և նպատակը էր մոտ մնալ եկեղեցուն և հոգևորներին, որոնց միջնորդությամբ կարող էր թողուլ աստված յուր դյութությամբ պարապելու մեղքը։

— Մեկ այս բաների վրա ուրիշ անդամ ավելի ընդարձակ կըխոսենք,— ասաց Մանթուխյանցը, ձեռքը պարզելով դեպի արաղի շիշը։ Շաքարյանցը հառաջամատույց գտանվեցավ և իսկույն լցրեց բաժակները արաղով։ Այս րոպեից սկսած Մանթուխյանցի և Շաքարյանցի հարաբերությունը ամենևին այն չէր, ինչ որ քանի մի օր առաջ։

Մանթուխյանցը, ոսկին շինելուց առաջ, տալիս էր Շաքարյանցի մոտ որպես յուրյանից առավել մեծ մարդու մոտ, ըստ որում, ինչպես ասել ենք յուր տեղում, Շաքարյանցը ուներ մի փոքր կարողություն։ Բայց երբ գտավ ոսկի շինելու գաղտնիքը, Շաքարյանցը սկսեց նայել Մանթուխյանցի վրա նույնպիսի մեծարական աչքով։ Եվ Մանթուխյանցը, որպես մի տգետ մարդ, իսկույն սկսեց օգուտ քաղել յուր դրութենից, փոխեց յուր խոսակցության ոճը Շաքարյանցի հետ, և կրավորական բնավորությունը դեպի ներգործական։ Ճշմարիտը պիտո է ասել, Շաքարյանցը յուր ժամանակին այս աչքով նայած չէր Մանթուխյանցի վերա։ Ինչևիցե։ Մենք թողունք առ ժամանակ սորանց այստեղ, և տեղափոխվինք մտքով դեպի մի այլ ընկերություն։

280