Է
Շատ Ժամանակ չէր, որ Կոմս էմմանուելը բնակվում էր այս քաղաքի մեջ, ուր անցան նախընթաց գլուխներում պատմած անցքերը։ Նորա անձնական տկարությունքը հարկադրել էին նորան, օդափոխության համար դուրս գալ յուր մռայլոտ բնակարանից, ուր շատ տարիներ անցուցել էր մելամաղձական և տխուր միայնության մեջ։
Դպրության կանոնքը արգելում են մեզ, առանց որևիցե մարդու կամք ստանալու, տպագրությամբ հրատարակել նորա վարքագրությունը. այս պատճառով համարձակություն չունիմ խոսել հրապարակով իմ ընթերցողների հետ, Կոմս էմմանուելի անձին վերա, հերիքանալով, որ թույլտվություն ունիմ նորա կողմից ասել այնքան, որքան ասացի կամ որքան դեռևս պիտի ասեմ։
Բացի սորանից, Կոմս էմմանուելը մի նոր մարդ չէ մեր ազգի համար. նա փոքր ի շատե հայտնի է ընթերցող հասարակությանը յուր հիշատակարաններով և ոտանավորներով, որ տպվում են Հյուսիսափայլ օրագրի մեջ. այս պատճառով ևս իմ ընթերցողքը չեն կարող ասել ինձ, թե խոսում էի մի բոլորովին նոցա անծանոթ մարդու մասին։ Ինչևիցե։
Ահա այս քաղաքը գալով Կոմս էմմանուելը ման էր եկել համարյա թե բոլոր փողոցները, տեսել էր բոլոր եկեղեցիքը, վաճառանոցները, ըստ որում հայաբնակ քաղաքներում սոցանից ավելի բան չկա, որ կարողանար գրավել մի եկավոր կամ հարցախնդիր մարդու ուշադրություն։ Առհասարակ շատ տխուր երևույթ է այս. բայց անմիջական հետևանք հայերի կյանքի ասիական բնավորությանը։ Այնտեղ, ուր չկա կրթություն և դաստիարակություն, չէ կարող լինել ընկերական կյանք. իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական սկզբունք, որի հիմքի վերա ոչ թե միայն բան չէ շինվում, այլ հառաջուց շինվածները ևս քանդվում են։ Որևիցե գործ, որ պիտի պատկաներ ամբողջ ազգին, հարկ է որ կատարվի հասարակաց ձեռքով, հասարակաց հոգու միաբան գործակցությամբ. բայց ուր իշխում է եսականություն, այնտեղից հալածական է միաբանական աստվածային հոգին։ Եսական հոգով բան չէ հառաջանում նորա համար, որ նա կենդրոնացած է յուր մեջ. նա մեռած է շրջակայքի համար, թեև գտանվում էր մի կենդանության պատկեր