Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանեթ կստանաս, բայց, բանը այս է, որ այդ չորս կամ հինգ մանեթով բոլոր հաշիվդ կվերջանա մեռանողի հետ։ Ահա այսպիսի մարդիկ, եթե մեռանին, ափսոսում եմ. բայց այն մյուս մարդի՞կը, որոնցից ոչինչ արդյունք չունինք, որոնց շեմքը երբեք չենք կոխած, որը հացը մի անգամ ուտում են, մյուս անգամ կշռում, թե մի՜ գուցե պակաս էր, որ բոլորովին նման են անպիտան ձիու, որի տերը միմիայն օգուտ, որ կարո՜ղ էր քաղել նորանից, այդ էր նորա կաշուցը, որ սատակելուց հետո կարող էր վաճառել, ըստ որում նորա կենդանությունը չէր արժում և նորա կաշուն։

— Այն մարդը, որի համար փորում ես այդ գերեզմանը, նույնպես պատկանում է այս վերջի՞ն տեսակի մարդերին։

— Ավելի վատթար։ Սա մեր եկեղեցու նախկին երեսփոխանն էր, տասն և հինգ տարի կատարեց այս պաշտոնը, բայց ի՜նչպես, մի հարցրու։

Տարին մի անգամ մի քանի քահանայք գալիս էին հաշիվ տեսանելու. բայց ի՜նչ հաշիվ, ի՜նչ քննություն։ Հանգուցյալը լավ գիտեր յուր բանը։ Հաշիվը սկսանելուց հառաջ, պատրաստում էր, ահա այն ծառերի տակ, խորովածը, գինին և արաղը։ Անտարակույս, հառաջ գնում էին այդ բարությունքը վայելելու, որ մի փոքր ույժ ստանան այն մեծ և երկար, ամբողջ տարու մանրամասն հաշիվը քննելու համար։ Խելացի էր շատ մեր երեսփոխանը, նա սկսանում էր մի մի արաղից և բանը բերում էր հասցնում էր այնտեղ, որ հաշվատեսքը տաղ չէին թողում, մեղեդի, շարական չէին թողում, որ չերգեին.... Սովորաբար առավոտյան տասն ժամից կսկսվեր այս բանը և կտևեր մինչև ժամը երկու կամ երեքը ճաշից հետո. այս միջոցին երեսփոխանը ասում էր.— Այժմ սկսենք հաշվի բանը, որովհետև մի երկու ժամից երեկոյան զանգակը կը զարկեն, ժողովուրդ գուցե սկսանի գալ եկեղեցի և խափան լինել մեր գործին։ Առհասարակ շատ բարեսիրտ են մեր քահանայք, այս չէ կարելի ուրանալ. երախտագիտության մասին ևս հետ չեն ժողովրդից. այս պատճառով ևս ասում էին, — օրհնած, այսքան տարի եկեղեցու դրանը ծերացար, այժմ պիտի խարդախութո՞ւն գործեիր հաշիվների մեջ. մի՛թե մեք չենք հավատում քեզ։ Մեր գալը մի օրենք է, որ կատարում ենք, լցուցանում ենք առաջնորդի հրամանը, որ սաստիկ պատվիրում է ուշի ուշովդ քննել հաշիվները, որպես թե գողերի և ավազակների ձեռքում էր եկեղեցին։ Հանճարեղ երեսփոխանը պատասխանում էր. —Չէ՜,

285