Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ իրավունք չունի խառնվելու, որովհետև այդ բոլորը պահված է հոգևոր իշխանության։

— Եկեղեցու ել ու մուտը հոգևոր պաշտոն չէ, մի սրբազան խորհուրդ չէ, որ սոսկական մարդը համարձակություն չունենար մերձենալու։ Հոգևոր իշխանության գործը է հոգաբարձու լինել եկեղեցու կրոնական մասին և ոչ եկեղեցու տնտեսությանը, որ հասարակաց ոչինչ չունի կրոնի հետ։ Եկեղեցին շինողը և պահողը է ժողովուրդը, սորա վերա է նորա ծանրությունը, եթե եկեղեցին քանդվի, ժողովուրդն է շինում, դարձյալ եկեղեցու արդյունքը ժողովրդիցն է։

— Ոչխարը, բուրդը և կաթը յուր տիրոջը տալով, իրավո՞ւնք ունի պահանջելու, որ տերը հաշիվ տար նորան, թե ո՛րքան արդյունք էր ստացել նորա բուրդից և կաթից, և թե ո՛ւր, կամ ի՛նչ բանի համար ծախք էր արել։

— Ոչխարը անբան անասուն է. բայց ժողովուրդը բաղկանում է բանական մարդերից. մի՛թե ընդունո՞ւմ է ժողովուրդը, որ վարվեին յուր հետ, որպես անբան անասունի հետ։ Ես շատ զարմանում եմ ձեր ժողովրդի վերա։

— Եթե զարմանում ես, ապա ուրեմն ոչինչ հասկացողություն չունիս մեր ազգի մասին։ Ժողովուրդ ասացյալը բաղկանում է զանազան առանձին-առանձին մարգերից, այնպես չէ՞։

— Անտարակույս։

— Ուրեմն, ժողովուրդը խոսելու համար, հարկավոր է, որ այդ առանձին-առանձին մարդիկը միմյանց մոտենան, խորհուրդ կատարեն, և յուրյանց մասնավոր ձայները, դեպի մի ամբողջ հավաքելով, լսեցնեն որպես մի հասարակաց ձայն, այնպես չէ՞։

— Ամենևին այդպես։

— Բայց դու տեսա՞ր, երբևիցե քո կյանքում, երկու հայ, մաքուր խղճմտանքով և անկեղծ սրտով միմյանց մոտ եկած մի ազգային գործի համար, որի օգուտը անմիջական հարակցություն չուներ նոցա անձնական շահասիրությանը։ Տեսվա՞ծ բան է հայերի մեջ բարոյական մոտավորություն, կա՞ հայերի համար մի սուրբ առարկա, որի անունով ամենայն երկրորդական պղտորությունք հետ դնելով բարեկամական ձեռք պարզեին միմյանց։ Ախ, պարո՛ն, երևում է, որ դեռ անփորձ ես և երիտասարդ, արյունդ տաք, ինչ ասես մտածել է տալիս, առանց կշռելու այն հանգամանքը, որոնց թույլտվությունից կախ էր այդ գեղեցիկ գաղափարների

287