Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրագործությունը։ Իմ այս մազերը չեն սպիտակացել ջրաղացի դռնում, այլ ժողովրդի մեջ. և ես մտել եմ ժողովրդի ամեն մի կարգի մեջ, սկսած հետին աղքատից մինչև երևելի պարոնը։ Տարու մևջ, ես տեսանում եմ շատ տեսակ հասարակությունք։ Ամեն մի թաղումի, կիրակամտի կամ այլ այսպիսի բաների ժամանակ՝ ըստ մեծի մասին մի տան մեջ հավաքված են լինում երեսուն, քառասուն և երբեմն հիսուն կամ վաթսուն հոգի։ Այդ տեղերում լինում են շատ խոսակցությունք, և այդպիսի տեղերում կարելի է ճանաչել ժողովրդի ստույգ բնավորությունը։ Նա այստեղ ազատ է, չէ հավաքվել պաշտոնական խորհրդով, որ միտքը փոքր ի շատե լարված կամ նախապաշարված լինի, չէ սերտել խոսելիքը, ինչպես պաշտոնական ժողովների ժամանակ. բացի սորանից, նա անվավեր է համարում այն բոլոր խոսք ու զրույցքը, որ լինում էին այսպիսի տեղերում, և այս պատճառով ևս ցույց է տալիս յուր հոգու միջինը ամենայն միամտությամբ, և խելացի կամ զննող մարդը, որ կամեր, շատ բան կարող է իմանալ այսպիսի ժողովներից։ Իմ կոչումը և պաշտոնը այնպես է, որ ոչ ոք արժան չէ համարում խոսել իմ հետ. աղախինքը կամ սպասավորքը զզվելով տալիս են ինձ մի բաժակ արաղ, կամ առաջևս դնում են կերակուրը. շատ անգամ տեսել եմ, որ բաժակը կամ ամանը, որ ես գործ էի դրել, իսկույն կոտրում էին, որպես թե նա պղծվել էր։ Այսպես լինելով իմ դրությունը ժողովրդի մեջ, ինքս ոչինչ չխոսելով հարկադրվում եմ ականջ դնել ուրիշների խոսածին: Մի անգամ մի տան մեջ հավաքված կային մոտ իբր իննսուն հոգի, կիրակամուտ էինք կատարում մի հանգուցելու։ Այդտեղ սկսվեցավ մի խոսակցություն հասարակաց և մասնավոր խնդիրների վերա, որ տևեց ամբողջ երեք ժամ։ Բայց չկարծեք, որ իննսուն հոգին ևս խոսում էր, թեպետ գործը իննսունին ևս վերաբերվում էր։ Այնտեղ երեսուն հոգու չափ հետին դասակարգից, այսինքն չունևորք, կային, որոնք ոչ լեզու ունին և ոչ բերան, ձուկի նման մունջ են։ Այս դասակարգը պարկեշտ է։ և դիտելով յուր աղքատությունը, որովհետև խոսելու կամ բանի մեջ խառնվելու իրավունքը շատ կամ սակավ կարողության տեր մարդն ունի, ոչինչ չէ խոսում, թեպետև խոսել ևս չգիտե, ինչպես նաև շատերը.... և թե ի՛նչ բանի վերա խոսում էին, նույնպես չգիտե. նորա խելքը չէ հասանում այդպիսի բաների։ Նա ապրում է քաղաքի մեջ յուր չքավորությամբ և հույս ունի հարուստների վերա, որ կը հոգան քաղաքի բոլոր պիտույքը։ Այսպես

288