Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից հառաջանում են զանազան վատ հիվանդությունը։ Եվ այս է պատճառը, որ օրենքը ևս հրամայում է երեք կանգուն խորությամբ փորել գերեզմանը, այս պահանջում են առողջապահական կանոնքը։

Բայց ժամակոչը ուշադիր չեղավ այս խոսքերին, նա յուր կյանքում չէր փորել այդպիսի խոր գերեզման։

Ը

Կոմս էմմանուելը, տխրությամբ լցված, բաժանվեցավ մահու թագադրության սպասավորից, և սկսեց դիմել դեպի պարսպի դարպասը,որ գնա յուր օթևանը։ Նա մտածում էր, թե արդարև հայոց ազգը թեպետև քանի հազար տարեկան, այնուամենայնիվ դեռևս մի խակ տղա է և գուցե երբեք դուրս գալու չէ այս տղայութենից։ Այսպիսի ազգերը, ասում էր ինքն յուրյան, կարոտ են, որ, ինչպես անչափահաս որբեր, գտանվին հոգաբարձության տակ. բայց հայոց ազգը չունի հոգաբարձու և գտանելու չէ երբեք։ Ուրեմն ի՛նչ պիտի լինի այս ազգի վերջը, շարունակում էր նա մտածել. անտարակույս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը....

Այս խորախորհուրդ, բայց տխուր և տրտում մտածությունքը զայրացուցին Կոմս էմմանուելի սիրտը, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս թռան նորա լցված աչքերից և թաղվեցան գետնի փոշու մեջ։ Այո՛,— ասաց նա, նայելով յուր արտասուքի ընթացքին,— թեպետև ասում են, որ արտասուքի թափվիլը թեթևություն է տալիս մի վշտահար սրտի, բայց դուք թաղվելով այս ոտնակոխ փոշու մեջ, տեղիք եք տալիս, որ ավելի տխրության ամպեր պատեն իմ սրտին։ Դուք ցույց եք տալիս ինձ, որ տարագիր ընկած ազգի կամ մասնավոր մարդու արտասուքի համար ևս չկա մի ազնիվ առարկա, որ ժողովեր այս ազնիվ հյութը, որ միմիայն հոգու ներգործելուց. դուրս է գալիս մարմնից։

Այո՛, երանի՜ այն անբաղդին, այն թշվառին, որ մնաց յուր տեղում, գոնե նորա արտասուքը կը թափվին հայրենիքի ավերակների կամ յուր անցած կյանքի հիշատակարանների վերա, որ սուրբ են և միշտ պիտի սուրբ մնան քնքուշ և հասկացող սրտի համար: Բայց վա՜յ այն ազգին, այն ժողովրդին, որի արտասուքի համար օտար փոշուց ավելի չկա մի ուրիշ ազնիվ ընդունարան։

291