— Ի՛նչ այդպես գլուխներդ կախած գնում եք, պարոն,— ասաց մի ձայն։
Կոմս էմմանուելը վեր բարձրացրեց գլուխը և ձեռքի թաշկինակով սրբեց աչքերը շտապով, բայց, ծածկել կամելով յուր արտասված լինելը, ձևացուց, որպես թե սրբում էր ճակատի փոշին կամ քրտինքը։ Երբեմն, արտասուքներ, որ հառաջանում են հոգու խիստ մոտիկ, խիստ սիրական, բայց օտարի համար գաղտնի պատճառից, չէ պիտո երևին ուրիշին. սա իրավունք չունի նկատել այդ նվիրական գաղտնիքի ազդեցության հետևանքը, այդ մի սուրբ բան է և պիտի ծածուկ մնա միշտ ուրիշից, որ մի գուցե օտարոտի խորհուրդների տեր լինելով, անարժանաբար տեսաներ մի այսպիսի մաքուր զեղումն սրտի։
Կոմսի հետ խոսողը էր մի տիրացու։
— Դո՞ւք եք,— ասաց Կոմսը փոխված ձայնով։ Նորա կիրքը նստած չէր դեռևս, և արյունը ալեկոծվում էր սրտի և թոքերի մեջ։
— Այո՛, ե՛ս եմ,— պատասխանեց տիրացուն։— Երևի, օդի լավության պատճառով դուրս եք եկել ման գալու, շատ լավ եք արել։ Միմիայն երջանկություն, որ կա մեր քաղաքում, դա օդի մաքրությունն է, մանավանդ առավոտները և երեկոյան ժամանակ։
— Ստո՛ւյգ է, ես ևս նկատում եմ այդ,— պատասխանեց Կոմսը, բայց այնպիսի սառնությամբ, որ հայտնի ցույց էր տալիս, թե ծանրություն էր յուրյան, խոսել այն րոպեին օդի վերա։
Արդարև, եթե մարդու կյանքը առնունք որպես մի թել, ապա ուրեմն շատ խայտաբղետ և պիսակ մի թել է նա։ Այդ կարճ կամ երկայն շղթայի օղերը ունին յուրյանը վերա զանազան դրոշ մեր, ոմանք ուրախության, ոմանք տրտմության, ոմանք հուսահատության, մի խոսքով, հոգու բոլոր զգացողությունքը, բոլոր հոգեբանական երևույթքը։ Կյանքի մեջ կան և այնպիսի րոպեներ, երբ մարդը պիտի խոսե միմիայն յուր հետ, յուր հոգու հետ, յուր աստուծո հետ։ Այդպիսի նվիրական րոպեներում մարդը հրաժարվում է նյութական աշխարհից, նա մոռանում է յուր շրջակայքը, նա դուրս է գալիս մտքի ծովի վերա և այդ ճանապարհորդությամբ ապրում է այն րոպեին։ Այդպիսի րոպեներում, մարդու բոլոր զգացողությունքը և կարողությունքը կենդրոնանալով մտքի գործարանի մեջ, ուղեղի վերին կիսաբաժինների մեջ, մյուս ջղերը և գործարանքը, ասես թե դադարում են ներգործելուց։ Աչքը, տեսողական գործարանը, համարյա թե սառչում է, և այն րոպեին նորա վերա ընկած
292