Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև հնարավոր ծայրը, այս պատճառով Կոմսը չէր կարող խոսել այլ բանի մասին, քան թե նյութ էր եղած նորա ամբոխմունքին։ Տիրացուի լռությունը հառաջանում էր նորանից, որ չգիտեր թե ինչպես խոսք բանա և ինչ բանի համար, մանավանդ լսած լինելով յուր ուղեկցի անունը, հարկավոր էր համարում զգուշություն գործ դնել, որովհետև Կոմսը համարված էր այդ քաղաքում, որպես մի վտանգավոր մարդ։

Տիրացուն մտածեց, մտածեց և վերջապես ույժ և սիրտ ստանալով ասաց.— Պարոն, դուք ի՞նչպես եք վերլուծում «Լույս զվարթը»:

Ահա քեզ մի ուսումնական խնդիր, որ արժե tartarus emeticus.[1] ինձ հարկավոր չէ մի խոսք ևս հավելացնել, ինքյանք ընթերցողք կարող են հասկանալ խեղճ Կոմսի դրությունը։ Ի՛նչ պիտո է առնել։ Ընկել էր մի անգամ։

— Երկնավոր, անմահ սուրբ և կենարար հոր սուրբ փառքի, զվարթ լույս՝ Հիսուս Քրիստոս, պատասխանեց Կոմսը, ախ քարշելով սրտի խորքից։ Ինքը ի՛նչ բաների վերա էր մտածում, ի՜նչ օդեղեն ամրոցներ էր շինում, տիրացուն, որ և քառասունի չափ աշակերտ ուներ, ի՛նչ բան էր հարցանում։

Տիրեց դարձյալ լռություն։

Տիրացուն առաջարկեց մի այլ պատմական խնդիր։

— Պարոն,— ասաց նա,— Առաքել պատմագիրը Քյոռ-Օղլուն և նորա ավազակ ընկերները անվանում է Ջալալիք, այս մարդիկը հա՞յ էին։

— Մի՞թե չգիտեք, որ մահմետականք էին նոքա,— պատասխանեց Կոմսը։

— Ապա ո՛րտեղից է հայերի մեջ Ջալալյան մականունը. ես այնպես էի կարծում, որ այդ տուները հառաջանում են Ջալալիներից։

— Նշանակում է, ազնիվ ծագում եք վերագրում եղած այդ տուներին։ Ես չգիտեմ այդ տուների ծագման պատմությունը, սակայն հավանական է, որ Ջալալիների ժառանգները չեն դոքա, թո՜ղ որ նոցանից Րահան արաբը Արաբիայից Կոստանդնուպոլիս գալով միացել էր Քյոռ-Օղլուի հետ, երբ սա գնացել էր այնտեղ Տեմիրճի Օղլուի ձեռքից Այվազր — յուր սիրական մանկէավիկը—

294

  1. Գինեքարի փսխեցուցիչ, ործկադեղ (լատ.):