Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատելու, որ յուր կարգով մի փոքր ժամանակից հետո նույնպես Ջալալի դարձավ։

Դարձյալ վերջացան տիրացուի երկբայական խնդիրները, դարձյալ լռություն։

Փողոցը, որով գնում էին այս երկուքը, դատարկ էր բոլորովին մարդերից։ Կովերը նախիրից տուն վերադառնալով բարձրացրել էին մի թանձր փոշի, որ քամի չլինելուց բավական երկար մնում էր օդի մեջ, որ միմիայն դողում էր այս անասունների բառանչելուց։

Այս և այն բաց պատուհաններում երևում էին կանանց և աղջիկների կերպարանքներ, որ մի ձանձրալի միօրինակությամբ անշարժ նստած նայում էին այս երկու գնացողների վերա։

— Մայրի՛կ, մայրի՛կ,— ասաց դուստրը յուր մորը,— ահա այն մարդը, որ նոր է եկել, երևի թե դարձյալ գնում է Մահտեսի Թովմասի տուն, առավոտ ևս այնտեղ էր, ես տեսա նոցա տանից դուրս գնալը։

— Շատ կարելի է,— պատասխանեց մայրը.— գուցե նշանվելու դիտավորություն ունի։ Մահտեսի Թովմասի Մարիամը գեղեցիկ աղջիկ է և վարժված, ո՛վ գիտե....

Հանկարծ, այս միջոցին, Կոմս էմմանուելի ականջին հասավ մի ֆորտոպիանոյի ձայն... Ուշադրությամբ ականջ դնելով հասկացավ, որ ածում էին «Տե՛ր, կեցո դու զՀայս»[1] երգի եղանակը:

295
  1. Այս երգը աոաջին անգամ երևեցավ Կալկաթայի Ազգասեր անունով օրագրի մեջ, որ հրատարակում էր հավիտենական հիշատակի արժանավոր Մեսրոպ Դավթյան Թաղիադյանց ուսումնական ազգասերը։ Այս երգը թե յուր բովանդակության, թե յուր բանաստեղծական վառվռուն հորինվածքի և թե հայոց ներկա վիճակի ճշգրիտ պատկերը հանդիսացնելու և դորա բարվոքելու համար հարկավոր եղած հնարները խնդրելու մասին, արժանի է ազգի մասնավոր ուշադրությանը։ Եթե հնար ունենայի ես, ամենասուրբ պարտականություն կը դնեի ամեն մի հայի վերա անգիր ուսանել այս երգը: Մինչև այսօր իմ կյանքե մեջ չեմ տեսած կամ լսած մի այսպիսի երգ. ահա բուն ազգային երգ։ Խե՜ղճ Թաղիադյանց. խաղաղությո՜ւն քո հոգուն, չարշարվեցար, շարչարվեցար ազգի լուսավորության համար, բայց չհաջողեցավ քեզ, որպես և շատերին, տեսանել քո մարգարեական ազդու քարոզության պտղաբերությունը մեր ազգի մեջ։ «Արշալույս Արարատյան» Զմյուռնիո պատվական և անդրանիկ օրագրի 1853 թվականի հոկտեմբերի 31, ուրբաթ, 583 համարի մի հոդվածը արժանահիշատակ Թազիադյանցի մասին, արժան եմ համարում դուրս գրել այստեղ բառ առ բառ, իմ ծանոթաբանությամբ հանդերձ։ «Առ յարգոյ հրատարակիչ Արշալուսոյ Արարատեան,

    Յարգոյ պարո՛ն,

    Տխրութեամբ ծանուցանեմ, որ Մեսրոպ Դավիթ Թաղիադեան, վաղածանոթն յարզութեանդ զրաւեալ է ի թանգագին կենաց իւրոց ի 10 Յունիսի այսր ամի ի Շիրազ քաղաքի. յորոյ վերայ ի ներքոյ գրեալս սակավատող բանսն խնդրեմ, շնորհ արարեալ հաճեսջիք հրատարակել միջոցավ պատուական օրագրի ձերում, որով և շնորհապարտ կացուցանել զձեր խոնարհ ծառայ Թադէոս Խ. Ավետումեան։ Կալկաթա, 21 օգոստոսի, 1858»։

    Ահա հոդվածը, որ ուղարկում է այս պարոնը։

    «Չէ մեր նպատակ գրել զվարս ազգասէր հեղինակիս, մանավանդ զի չունիմք զբաւական նիւթս առ նոյն ձեռնարկ, այլ սակաւուք միայն յայտնել կամիմք զմասն գործոց նորա, որք եղեն մեզ ծանօթ։ Մեսրոպ Դավիթ Թաղիադեան ծնեալ էր ի Կարբի, որ Երևան և սնեալ ի սուրբ աթոռն էջմիածնի, առ ժամանակաւ Սրբազնասուրբ Կաթողիկոսին Եփրեմայ, ուր և ձեռնադրեցաւ սարկաւագ։ Իբրև յամի 1823, եկն ի Հնդիկս յերիտասարդութեան հասակի և միջնորդութեամբ Տեառն Աբրահամու ծայրագոյն նվիրակին Երուսաղեմի, եմուտ ի Համալսարանն եպիսկոպոսական ուսանել զԱնգղիերէն, ուր թարդմանեաց ի մեր լեզու և ի լոյս ընծայեաց զՀուգօ Գրովտիոսի ճշմարտութիւն քրիստոսական հավատոյ. զգործ ընտիր։ Յետ սակաւուց ելեալ անտի եկաց երրորդ վարժապետ ի մարդասիրական ճեմարանի մերում։

    Ապա գնացեալ ի Ջուղայ կարգեցաւ գլխաւոր վարժապետ դպրոցի որ անգ, զամս յոլովս։ Անտի չոգաւ ի կողմունս Տաճկաստանի և կացեալ առ ժամանակ մի ի Կոստանդնուպօլիս, շրջի վտարանդի ընդ Հայս և Պարս և վերադառնայ միւսանգամ ’ի Հնդիկս»:

    Զարմանալի բան է. այս մարդու (Թաղիադյանցի) և Աբովյանի կյանքը շատ նմանություն ունին միմյանց Երկուքը ևս դուրս գալով Էջմիածնից գնում են օտար և հեռավոր աշխարհներ և ուսանելով՝ իսկույն վերադառնամ են էջմիածին. ինչո՞ւ համար. մի դպրոց հիմնարկելու, ստացած լայսը ազգի մեջ տարածելու համար: Աբովյանը կատարեց երկրորդ անօգուտ փորձը, որի առաջինը կատարել էր Թաղիադյանցը։ Սա վերադարձավ էջմիածին Հովհաննես կաթողիկոսի ժամանակին (1835 —1840) և աղաչելով պաղատելով, սորան միջնորդ և մյուսին բարեխոս բռնելով կարողացավ որպես գլխավոր ուսուցիչ մտնել էջմիածնի դպրոցը։ Բայց ի՛նչ ուսուցչություն, ի՛նչ եղավ այս եռանդոտ ջանքի հետևանքը: Կարճ միջոցում ստացավ նա, ինչպես սովորական է հայերի մեջ, մի ահագին բազմություն թշնամիների, որոնցից գլխավորքը էին Սյունհոգոսի պրոկուրոր Ղորղանյանցը և ատենադպիր Քարտաշյանցը։ Ի՛նչ զրպարտությունք, ի՛նչ հալածանք բարձրացավ այնուհետև խեղճ Թաղիադյանցի վերա։ Ցուրտ սենեկի մեջ, փայտ չէր ստանում վառելու, ահա մինչև այս վիճակին հասավ նորա թշվառությունը։ Ոչ ոք տաք սրտով արժան չէր համարում նայել դպրոցի և հետևաբար նորա գլխավոր վարժապետի կամ կառավարչի վերա, Հովհաննես կաթողիկոսի իշխանությունը հասած էր վերջին աստիճանի թուլության։ Ութեքյանց (այսպես անվանում էին էջմիածնումը այն ութն աբեղաներին, որ ապստամբվել էին կաթողիկոսից և բողոք էին գրել դեպի ռուսաց տերությունը) վճռական գործակատարությունը շվարեցուցել էր Հովհաննես կաթողիկոսը, և ամենամերձ եպիսկոպոսքը, որք դեռևս բարերարված էին կաթողիկոսից, հարազատ չէին սորան, թեպետև առ երեսս բարեկամ և գործակից։ Քարտաշյանցը սկսել էր մի երկար ու ձիգ կռիվ Ներսես առաջնորդի հետ, Լուսավորչական և Գրիգորյան, Սյունհոդոս և Սինօդ բառերի մասին։ Ներսես արքեպիսկոպոսը գրում էր, ի Գրիգորյան Հայոց Սինօդն, Քարտաշյանցը պահանջում էր, որ գրե ի Լուսավորչական Հայոց Սյունհոդոսն: Սոցանից ջոկ ուրիշ այլ բաների մասին, մինչև որ բողոքել դեպի մինիստր Բլուդովը։ Ներսես սրբազանի պատասխանը այս բողոքի ընդդեմ հասավ Բլուդովի հաջորդի կոմս Պերովսկու ձեռքը։ Շատ չանցավ սորա վերայով, ներսեսը կաթողիկոսացավ, և Քարտաշյանցը իսկույն դուրս եկավ սյունհոդոսի ծառայութենից։ Ինչևիցե։ Ահա այսպիսի մի ժամանակում կացավ Թաղիադյանցը էջմիածին։ Վերջապես տեսանելով, որ ոչինչ հնար չկար մնալու, ստիպվեցավ վերստին դուրս գնալ Աթոռից։

    Մի փոքրիկ անցք, որ պատահում է սույն այս միջոցում, ավելի ճշգրիտ պատկեր է տալիս Թաղիադյանցի վառ աշխուժի մասին։

    Վերջին անգամ գնում է Հովհաննես կաթողիկոսի մոտ հրաժարական ողջույն տալու։ Վեհարանում գտանվում են եղած, հին ժամանակներից կաթողիկոսին ընծա ուղարկված ճախարակյա մարմարիոնյա թքամաններ։ Սոցանից մի փոքրը և գեղեցիկը. կաթողիկոսի սարկավագը շինել է թանաքաման: Թաղիադյանցը տեսանելով այս փոխարկությունը թքամանի դեպի թանաքաման, անպատրաստից ասում է հետևյալ ոտանավորը։

    Երբ թքաման, թանաքաման
    Դարձեալ ետես այս Վեհարան,
    Զի՛նչ այլ քեզ յոյս աստէն մնալ
    Մեսրոպ Դաւթեան Թաղիադեան»:


    Յամի 1845, յամսեանն օգոստոսի օժանդակութեամբ Արարատեան ընկերութեան սկսալ հրատարակել զԱզգասէր լրագիր. սակայն գռաումն ի կենաց միոյ և ձախորդութիւնք միւսոց ընկերացն քակտեցին զընկերութիւնն վաղվաղակի: Բայց եռանդ հանգուցելոյս ոչ շիջաւ. այլ շարունակեաց զտպագրութիւն լրագրին մինչ ցմէջ 1852 ամի։ Թէ որքան վառ էր եռանդ նորա յայսպիսի գործ, և որքան ժիր յաշխատութեան, գործք իւր ինքնին յայտնեսցեն քաջ։ Զի ի միջոցի եօթն ամաց սակաւուց բաց ի տպագրութենէ Ազգասէր լրագրին և ի կառավարութենէ առանձին դպրոցի իւրոյ, ի լոյս ընծայեաց և զյետագայ գրեանսն յօրինեալս յիւրմէ։ Այբբենարան, Դաստիարակութիւն օրիորդաց—ճառ, ճանապարհորդութիւն ի Հայս, Պատմութիւն Պարսից. Սօս և Սօնդիպի բանաստեղծութիւն չափեալ, Վարսենիկ—ստեղծաբանութիւն արձակ, և քերականութիւն համառօտյ»։

    Եւ թարգմանեալս:

    Առակք Պարսից, Առաջնորդ մանկանց և Վարդցէս: Թողեալ զտպագրութիւն այլոց վեշտասան մատենից, որք ընդ վերակացութեամբ իւրով տպագրեցան, ունի և զայլ գործս թարգմանեալս և ի լոյս ընծայեալս աստ, նախ քան զկազմիլ Ընկերութեան Արարատեան, որք են վերոյիշեալ Գրովտիոսն, Դիւցաբանութիւն, Պաղեսաին—Ռ. Հիբերայ—չափեալ, և Պատմութիւն հին Հնդկաստանի: Ունէր և զայլ գործս բանաստեղծականս և զօրագիր մնացեալ ճանապարհորդութեան իւրոյ, զորս ոչ ժամանեալ ի լոյս ընծայել, տարաւ ընդ իւր, և որք հասցե՞ն արդեօք ’ի Ջուղայ ընդ այլոց մատենիցն, թէ ի Շիրազ անդ անհետ եղիցին, չկարեմք ամենևին գուշակել:

    Մերձ ի վախճան 1857 ամի, հիւանդագին և տկար ել աստի վերադառնալ ի Ջուղայ և զմնացեալ աւուրս իւր նուիրել դաստիարակութեան մանկանց ազգիս, և հասեալ ի Շիրազ զրաւի անդ յազգօգուտ կենաց իւրոց ի 10 Յունիսի այսր ամի ի հասակի իբրև 56 ամաց. կտակելով զհազարաւոր մատեանս, պատկանեալս թէ՛ ինքեան և թէ Արարատեան Ընկերութեան, Սրբազան առաջնորդին Սրբոյ Ամենափրկչի Վանաց, որ ի Ջուղայ, ուր և հասեալ իսկ են, և զայլ ստացուածս իւր ընտանեաց իւրոց, որք բնակին յԵրևան քաղաքի։

    Եթէ յարգի լինէր գրագիտութիւն և ի միջի մերում հարիւր մասամբ չափ Եւրոպացւոց, աշխատութիւնք սորա յոյժ աւելի լինէին քան որք եղենն. զի վկայեալ եմք բազմիցս, բնական աշխոյժ եռանդեան նորա, որ նստեալ լնոյր զէջս բազումս խիստ դիւրութեամբ և ընտիր հայկաբանութեամբ ի միջոցի սակաւ ժամուց առանց ջնջելոյ գոցցես և զբառ մի։

    Շարժեալ ի տխրութենէ սրտիս, զյետագայ Ողբերգն նուիրեմ վսեմ հոգւոյն այնմիկ, որ յուսամ երկնային պսակին արժանի եղեալ, սակս յարգելոյն զտաղանդն աւանդեալ ինքեան, յօգուտ և ի փառս եղբարց իւրոց։

    Եւ դու Մեսրովբ, անգին Մեսրովբ,
    Եւ դու ալդպէս վաղ հանգեար.
    Ի վշտալից աշխարհէս մեր
    Յերանաւէտն ճեպեցար։
    Վաստակեցաւ, այո՛, մարմինդ,
    Այլ ոչ հոգիդ, ես գիտեմ.
    Անմահ հոգիդ, միշտ աննկուն,
    Միշտ վառվռուն, միշտ վսեմ։
    Ափսո՜ս Մեսրովբ.— իմ պէս բազումք
    Ափսոսասցին այսուհետ,
    Որոց հոգի ազգիս փառաց
    Նախանձաւոր իցէ եթ։
    «Մեռի՛ր, յետոյ սիրեմ զքեզ»
    Այլք ասասցեն, այլ ոչ ես.
    Ես սիրեցի զքեզ կանխաւ,
    Ազգասիրաւդ վկայես։
    Ոչ ափսոսամ վասն քո ինչ,
    Զի դու զերծար ի ցաւոց.
    Զարդիւնաշատ աւուրս քո
    Ազգին ի սպաս զոհելով։
    Որքան կացցէ լեզու Հայոց,
    Որքան կացցէ և մեր գիր.
    Պայծառ անուն իմ Մեսրովբիդ
    Անմահասցի անխտիր։
    Այլ ափսոսամ վասն ազգիս,
    Որ քեզ պէս մարդ արդ կորոյս.
    Որոյ նման հազուագիւտ է,
    Հայիմ յոր կողմ և ի կոյս։
    Զի բանաստեղծ, ի բնութենէ
    Կարէ միայն ծնանել.
    Տաշեալ կոկեալն արհեստիւ
    Ո՜չ կարէ յայն ժամանել։
    Դու բանաստեղծ և ճարտասան
    Միանգամայն յայտնեցար,
    Թէև անձուկ էր ասպարէզդ,
    Սակայն ոչինչ վերջացար։
    Աշխարհանազ Սօս Սօնդիպի
    Եւ Ազգասէր լրագիր,
    Բաւական են ի հաստատել,
    Զոր ասացի, լիալիր:
    Ոչ է ինձ հարկ թուել զամեն
    Զգործ մատանցդ ճարտար,
    Ժամանակաւ, զկնի իմ
    Վկաեսցէ և աշխարհ:
    Բայց ե՛կ, Մեսրովբ, ե՛կ ասա՛ ինձ
    Հի՞մ առ օտարս ետուր վազ.
    Ո՞ւր Հայաստան քո հայրենիք
    Եւ ո՞ւր Պարսիցն Շիրազ։
    Յողբալս զքեզ լամ և զիմ ազգ,
    Վտարանդի ցան ու ցիր.
    Ընդ ամենայն ոլորտս երկրի
    Քան զԻսրայէլ տարագիր:
    Իմ ընտանեացս պատմութիւն
    Կարծեմ ուղիղ օրինակ
    է իմ ազգիս, որք յայսքան դարս
    Չարչարին տար օրինակ. . » և այլն, և այլն:


    Այս վերջին պարբերությունը համարյա թե նույն խոսքերն են, որ Եվժեն Սյու ֆրանսիական հեղինակի «Թափառական հրեայի» մեջ խոսում է ինքը թափառական հրեան:

    Սորանից հետո շարունակված քանի մի այլ պարբերությունք հարակցություն չունենալով Թաղիադյանցի հետ, հարկավոր չհամարեցի դուրս գրել։

    Առհասարակ, թո՛ղ հաճի պարոն Ավետումյանը ընդունել իմ առ ի սրտե անկեղծ շնորհակալությունը այս հոդվածի մասին, որով կամեցել է պատվեք մեր քանքարավոր հեղինակի հիշատակը: Շնորհակալություն և Արշալույս պատվական օրագրին, որ յուր թերթերի վերա հասուց մեզ այս, թեև տխուր, բայց սրտերիս խիստ մոտ ծանոթությունքը: Աղաչում եմ Արշալույսը. միջնորդ լինել իմ պարոն Ավետումյանի մեջ, և իմ շնորհակալությունը հայտնել նորան նույնպես Արշալույսի միջնորդությամբ։ Խորհուրդս այն է, որ հարգելի պարոնը մխիթարվի, լսելով, որ յուր ողբացած Թաղիադյանցի հիշատակը հարգելի է մեզ բոլորիս և թե նորա գեղեցիկ հոդվածը զուր չէ գրված հայերի համար։

    Աղաչում եմ և Ջուղայու Սուրբ Ամենափրկիչ անունով վանքի սրբազան առաջնորդը աշխատություն հանձն առնուլ հոգաբարձու լինել, որ Թաղիադյանցի գրչագիր մնացած աշխատությունքը պահպանվին կորստի և ժամանակի երեսից։

    Ցավելի բան, հայերի անդրասիրության մեղքից հառաջացած մի դառն հետևանք, որ մեր հեղինակներից (հին և նոր) շատերի աշխատությունը ծնանելով, այլ դեռևս հրապարակի լույսը չտեսած, դատապարտվում են դեպ ի մահ—դատապարտվում են, որ վանական խցերի անկյուններում թաղվին փոշիների տակ և որդնակեր ու ցեցակեր ոչնչանան։