Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգեր ու երաժշտությունք, ապա ուրեմն խեղճ ողորմելի բաներ, ըստ որում օրինավոր բան չէին կարող ունենար

— Ի՜նչ պատճառով։

— Ո՜հ, շատ խո՛ր է դորա պատճառը, և որքան խոր, այնքան ևս խորին ցավակցության արժանի: Ի՛նչ հարկավոր է այժմ դորա մասին խոսք բանալ և տխուր մտածութեններով կամ քննութեններով ձանձրացնել և այս պատվելիքը, որոնք առանց տարակուսի ախորժակ չունին տխրելու։

— Ո՜չինչ, ո՜չինչ. մեզ ամենևին ձանձրություն չէ լսել ձեր խոսակցությունը,— պատասխանեցին մի քանի ձայներ հյուրերի միջից:

— Տեսանո՞ւմ եք,— ասաց Մահտեսի Թովմասը,— ահա նոքա ևս ցանկանում են լսել, Մարիամս ևս հեռի չէ փախչելու լսելուց։

Այս մասին բոլորովին անընտրող էր օրիորդ Մարիամը, ըստ որում գաղափար ևս չուներ ազգության մասին, յուր փոքր ի շատե կրթությունը ստացած լինելով մի օտար ազգի դպրոցում։

— Բացի դորանից,— հավելացուց Մահտեսի Թովմասը, դեռևս տասն ժամը չկա, թե տուն գնաս՝ ի՛նչ պիտո է առնես. ո՞չ ապաքեն ժամանակ է, որ անցուցանում ենք, եթե միայն ձանձրալի չէր ձեզ մեր ընկերակցությունը:

— Բայց դուք այժմ մի՛ կարծիք, թե ես ժամերով քարոզ ունեի այդ մասին ասելու....ո՛ւր էր այն երանությունը, որ հնար լիներ սրտիս վերայի եղածը դուրս տալ և թեթևանալ այն անտանելի ծանրութենից, որ ճնշում է հոգիս....բայց ինչ....առ այժմ այսքան ասեմ ձեզ, որ ազգային երգ, կամ առհասարակ ազգային երաժշտություն ասած բանը պատկանում է բանաստեղծության։

— Անտարակույս,— պատասխանեցին մի քանի մարդիկ Մահտեսի Թովմասի հետ միասին, որով խոսակցություն դարձավ հասարակաց։

— Հառաջ գնանք, և չդադարենք սորա վերա,— շարունակեց Կոմսը։— Ազգերի բանաստեղծության միակ աղբյուրը է նոցա ազգային պատմությունը, այսինքն ազգի կյանքը։ Ազգային է բանաստեղծությունը, եթե բովանդակում է յուր մեջ ազգին պատկանած բաներ, եթե այդ բանաստեղծության սկզբնական տարրը է մի իրողություն կամ թե անձն, ազգին պատկանած.նույնպես, ազգային

309