Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


է բանաստեղծը, եթե երգում էր կամ գրում էր մի այնպիսի բան, որ անմիջական հարակցություն ուներ ազգի հետ, ազգի իմացական և բարոյական կյանքի հետ. այս չէ կարելի հերքել։ Բանաստեղծությունը պիտի որ հոգի ունենա, կյանք ունենա, և այս կյանքը նա կարող է ստանալ մի այնպիսի բանից որ կյանք ուներ, որ ապրում էր ոչ որպես մի հանք կամ մի եգիպտական մումիա,[1] այլ որպես գործարանավոր էակ հառաջ էր գնում յուր կերպարանագործության մեջ։ Ինչպես ազգն է, ազգի կյանքն է, այնպես է և նորա պատմությունը, իսկ ինչպես պատմությունն է, այնպես է և նորա բանաստեղծությունը։

Մի՛ նայեք այն արտաքին զանազանությանը, պատմության և բանաստեղծության մեջ, որ երևում է մի անփորձ աչքի, թե պատմությունը մի հիշատակարան է ստուգապես կատարված իրողութենների, կամ այդ գործերի մեջ գտանված մարդերի, իսկ բանաստեղծությունը դուրս է գալիս իրական ճշգրտութենից։ Այո՛, պատմության ասպարեզը է միմիայն իրական աշխարհը, բայց բանաստեղծությունը չէ կարող դորանով բավականանալ։ Նա բարձրանում է իրականից դեպի մի այլ անչափելի տարածությամբ լայն աշխարհ—մի աննյութ կամ հոգեկան աշխարհ։ Պատմությունը ավանդում է մեզ ամբողջ կարգ իրողութենների, որ կատարվեցան որպես հետևանք, ազգերի կյանքի պահանջողության, որպես հետևանք այդ ազգերի կերպարանագործության քաղաքական հանդիսում։ Պատմությունը քննում է այդ անցքերի բնական և լոգիկական պատճառները, առանց տեղ տալու յուր էջերի վերա վերացականության. և մի իրողության ստուգությունը հաստատում է ուրիշ հարակից կամ երկրորդական իրողութենների վկայաւթյամբ։ Իսկ բանաստեղծությունը օգուտ է քաղում մի ծայրացյալ ազատութենից և ստիպված չէ ենթարկվիլ տեղագրական, ժամանակագրական կամ իրողութենների կատարվելու համար հարկավոր եղած մեքենականության կանոններին։ Արդարև պատմության և բանաստեղծության մեջ կա այս զանազանությունը, բայց

310

  1. Կարելի էր հարցանել, մ՛իթե հանքերը կամ եգիպտական հազարամյա մումիայքը ապրում են. սորան կարելի է պատասխանել, թե անգործարանավոր էակների կյանքը երևում է նոցա անձնապահության մեջ: Որքան ժամանակ կա նոցա մեջ արտաքին ներգործող ուժերի դիմացող զորություն, որով պահպանվում էր այդ հանքերի կամ մումիաների կերպարանքը, այնքան ժամանակ ևս ապրում են նոքա։