Մարդկային կազմվածքը բաղկանում է զանազան գործարաններից, որոնք մեծ հարակցություն ունին միմյանց հետ. նոցանից մինը խանգարվելով, խանգարում է մյուսը, որով շատ անգամ վտանգվում է և ամբողջ կազմվածքը։ Դուք գանգատել եք ինձ շատ անգամ, թե ձեր դուստրը երկար ժամանակ ունեցած էր էպիլեպսիա, և թե այժմ, թեպետև չէ երևում, սակայն ստեպ-ստեպ սաստիկ ծանրանում է նորա շնչառությունը։
Ինչ ասեմ. եթե բժիշկ, կամ թե բնագետ լինեիք, կարո՛ղ էի հասկացնել ձեզ, թե սեռական գործարաններում արյունի անկարգ շրջանառությունը, ի՛նչ կերպով ծանրացնում է շնչառությունը։ Բայց այժմ, որքան ևս բացահայտ եմ, այնուամենայնիվ դուք հասկանալու չեք. այս ևս կա, որ ձեզ այնքան հարկավոր չէ ցավի պատմությունը, որքան այդ տկարության դարման տանելու հնարը։
— Ամենևին ճշմարտություն է, որ խոսում եք,— ասաց պարոն Հովնաթանյանցը,— և ես մեծ հոժարությամբ պատրաստ եմ լսել ձեր մարդասիրական խորհուրդը։
— Լավ ասացիք,— պատասխանեց բժշկապետը,— իմ տալու խորհուրդը չէ միայն բժշկական, այլև բարոյական. տարակույս չկա, որ բարոյականությունը հիմնված է մարդասիրության վերա։
— Մեղուն գրել էր, ճռաքաղը ևս հաստատեց...
— Ես չգիտեմ, թե ի՛նչ է գրել մինը և ինչ է հաստատել մյուսը. բայց իմ խորհուրդը,— շարունակեց բժշկապետը, ընդհատելով պարոնի խոսքը։
Պարոն Հովնաթանյանցը յուր կարգով ընդհատեց նորա խոսքը.
— Պարո՛ն բժշկապետ, ես բարերար և գործակալ էի Մեղուին, ճռաքաղը ևս հեռի չէ մնացել իմ շնորհից, խնդրեմ չմոռանալ։
— Այդ բաները այնքան աննշան են և մանավանդ անխորհուրդ ձեր դստեր բժշկության մասին, որ չգիտեմ, թե ինչ մտածեմ, թե ի՛նչ պատճառով մեջ եք բերում այդ բաները։
— Ներողություն, ներողություն, ինձ թվեցավ թե ազգասիրության վերա ենք խոսում ձեր հետ։
— Ուրեմն դուք չգիտեք ձեր խոսածը, և ինչպես վարձկան լալականը ննջեցելու տունը տեսածի պես սկսանում է յուր ողբը, այնպես և դուք մեքենաբար խոսում եք այդպիսի բաների վերա, առանց զգալու...
— Ես շատ պարապած եմ, ուստի շատ անգամ շփոթվում եմ,— պատասխանեց պարոն Հովնաթանյանցը, ծածկելով յուր տհաճությունը:
328