— Սակայն խնդրում եմ լսել ձեր խորհուրդը, որի պատճառով այսքան խոսք հառաջացավ։
— Իմ աոաջին և վերջին խորհուրդը այս է, որ հետ հրավիրեք դուք ձեր փեսան... Համաձայնեցեք ինքներդ, ձեր դուստրը գտանվում է պատանեկության հասակում. նա սովորած լինելով քնքշության, արվեստական կերպով դարձել է մի ջլային խառնվածքի տեր, կենակցությունը յուր փեսայի հետ այս դարումս միակ հնար է կին մարդերի համար, ազատվելու յուրյանց ծնողների կամ ամուսինների խոսքերից և նկատողութեններից. մանավանդ որ ձեր դուստրը, ամենայն օր շրջապատած է հրապույրներով, ամենայն օր բորբոքված է նորա ուղեղը... ես կարճ եմ ասում ձեզ, որ եթե դուք չկատարեք իմ առաջարկությունը, ձեր դստեր բանը շատ և շատ վատթարանալու է։
— Ներկայումս այդ առաջարկությունը կատարել ինձ ամենևին անհնար է,— պատասխանեց պարոն Հովնաթանյանցը։
— Բայց ձեր դստեր համար արգանդի կատաղություն (Nymphomania) ստանալը ամենևին հնարավոր է,— պատասխանեց բժշկապետը գերմանական սառնությամբ։
— Դուք վաճառական չեք և ոչինչ հաշիվ չգիտեք. վաթսուն հազար մանեթ...
— Իսկ ձեր համար բացի մանեթներից, այլ բան չկա՞ աշխարհի երեսին։
— Մի՞թե դուք առանց օգտի կատարում եք ձեր բժշկական պաշտոնը.
— Ես ոչ ոքին պարտական չեմ ձրի ծառայել. բայց իմ համար, իմ անձին համար, միշտ չնչին արժեք ունի արծաթը։
— Այդ կորստական սկզբունքը հերիք պատճառ է, որ դուք չհարստանայիք երբեք։
— Դորա փոխանակ, դուք հարստացել եք. բայց արծաթի ժանգը նստել է ձեր ուղեղի վերա։ Երբեք ցանկանալու չէի այդպիսի հարստության։
— Դուք չափից դուրս եք գնում։
— Նորա համար, որ դուք երբեք չեք եղած չափի տակ. և ձեր այդպիսի անբարեխառնությունը ցոլանում է ձեր ընտանիքի և ձեր զավակների վերա։ Պարոն, խնդրեմ, թույլ տվեցեք ինձ, որպես բժշկապետի, մի քանի նկատողությունք առնել ձեր ընտանեկան կյանքի մասին, բարի խորհրդով։