Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես մեղավոր չեմ, Ձեր մռայլություն. ես գրապետ եմ, ես չեմ այդ հիմարությունների հեղինակը, այլ որպես գրապետ ես ընդունում եմ նորանց մատենադարանի մեջ և շարում եմ կարգով, ինչպես հարկն է։ Դուք ասացիք, որ այս պաքսիմատները դյուրամարս չեն. ի՞նչ պիտո է առնել, եթե չկա սոցանից լավը. բայց իմ կարծիքով, թեպետ ես բժիշկ չեմ, պիտո է դորա դյուրամարս լինեին. պատճառ, այդ բոլորի մեջ ևս չկա և ո՛չ մի հատ ծանր և ամուր մտածություն։

Երբ գրապետը ամենայն ջանք գործ էր դնում արդարանալ տեր սատանայի առաջևը, թափելով յուր բոլոր համոզողական փաստաբանության զորությունը, սատանան հետաքրքրությամբ հանեց բերանից խածած կտորը, որի վերա դեռ երևում էին դրի անունի հետևյալ տառերը ....նգ ....ան ......ան ......այ ......տի .....տյ տպե..... 850.....

— Այս ի՛նչ բան է,— ասաց սատանան նայելով բարկացած յուր պալատական գրապետի վերա.— սա մինչև անդամ տաքացրած ևս չէ, այլ ամենևին սառն... դեռևս խաշխաշով է,— հավելացրեց խավարի իշխանը, մի լավ զննելով պաքսիմատը։

— Ձեր մռայլություն, շո՞ւտ կբարեհաճիք քնել այսպիսի նախաճաշիկ ուտելուց հետո։

— Դու խաբում ես ինձ և համ արձակվում ես ծիծաղե՞լ ևս իմ վերա,— գոռաց սատանան դժոխային բարկությամբ.— ե՛կ մի րոպե իմ մոտ։ Գրապետը մոտեցավ նորան ահ ու դողով։ Սատանան բռնեց նորա ականջից, բարձրացրեց օդի մեջ իբրև մի փետուր, դրեց նորան Մխիթարի, ահագին, Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ, որ դրած էր մոտին, և որ ժառանգել էր նա հանգուցյալ Իդնատիոս Փափազյանի մատենադարանից, և նստավ նորա վերա։ Այն ահագին հսկայի ծանրության տակ, տարաբաղդ դժոխքի գրապետը իսկույն սեղմվեցավ այն կոշտ մեկնության երեսների մեջ ինչպես մի չոր անանուխի տերև, որ դնում են երեխայք յուրյանց գրքերի մեջ. հերիք չէր այս, սատանան հրամայեց գրապետին մնալ այնտեղ 1111 տարի, որքան ժամանակ մնալու էր այս գիրքը սատանայի ձեռքում։

Սատանան ոչինչ չհասկանալով այս գրքից, մտածում է այդքան տարի ևս պահել նորան, բայց զուր է. դարձյալ բան չէ հասկանալու. պատճառ, ինքը գրողը ևս չէ հասկացել։

— Գտի՛ր իմ համար մեր անիծյալներից, այս ինքնահավանի

344